Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում առավել շատ քվե է ստացել նախագահ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» դաշինքը, սակայն քաղաքական ուժը կորցրել է մեծամասնությունը. նախագահի դաշինքի օգտին է քվեարկել քաղաքացիների 38,57 տոկոսը։
Երկրորդ տեղում է Ժան Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» ձախակողմյան դաշինքը՝ ձայների 31,6 տոկոսով, Մարին Լը Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը ստացել է քվեների 17,3, իսկ «Հանրապետականները»՝ 6,98 տոկոսը։
Ներքին գործերի նախարարության տվյալով՝ «Միասի՛ն» դաշինքը կորցրել է շուրջ 100 մանդատ. Ազգային ժողովի 577 մանդատից նա կստանա 245-ը, մինչդեռ մեծամասնություն կազմելու համար նրան անհրաժեշտ էր ստանալ 289 մանդատ. «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» կունենա 131, «Ազգային միավորում» կուսակցությունը՝ 89, Հանրապետականները՝ 61 մանդատ։
Վերլուծաբանների կարծիքով՝ ստեղծված պայմաններում Մակրոնը ստիպված կլինի հույսը դնել այլ կուսակցությունների աջակցության վրա մի շարք առանցքային նախաձեռնությունների դեպքում, ինչպիսիք են կենսաթոշակային տարիքի բարձրացման, հարկերի կրճատման և քաղաքացիների բարեկեցության համակարգի բարելավման հետ կապված լայնածավալ բարեփոխումները:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի կարծիքով՝ նախագահական դաշինքի ձախողումը բացասական ազդեցություն կունենա երկրի զարգացման վրա:
Էլիզաբեթ Բորն (Ֆրանսիայի վարչապետ) - Սա չլսված բան է: Հինգերորդ հանրապետության պատմության մեջ Ազգային ժողովում երբևէ տեղերի նման բաշխում չի եղել: Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց ստիպված ենք լինելու առերեսվել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում: Բայց մենք պետք է հարգենք այս ընտրությունը և ընդունենք հետևանքները:
Բորնի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է փոխզիջումների գնալ ընդդիմության հետ: Ընդդիմությունը, սակայն, վճռական է տրամադրված. «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է՝ արգելափակելու են բոլոր վնասակար բարեփոխումները. խոսքը, նախևառաջ, թոշակային տարիքը 62-ից 65-ի բարձրացնելու նախաձեռնությունն է, որն առաջ է տանում Մակրոնի դաշինքը:
Մարին Լը Պեն («Ազգային միավորում» կուսակցության ղեկավար) - Մենք կոշտ դիրքորոշում ենք զբաղեցնելու. մենք առաջնորդվում ենք միայն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի շահերով։ Չէինք ակնկալում, որ 60-ից ավելի մանդատ կստանանք։ Մեզ հաճելիորեն զարմացրին մեր հայրենակիցների միասնությունը և ցանկությունը, որ ներգաղթի, անվտանգության խնդիրները և իսլամիզմի դեմ պայքարը չբացառվեն Ազգային ժողովի օրակարգից։
Մարին Լը Պենը հայտարարել է նաև, որ մտադիր է հեռանալ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ Ազգային ժողովում խորհրդարանական խումբը գլխավորելու համար։
«Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» ձախակողմյան դաշինքի 70-ամյա ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնն էլ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքը իշխող կուսակցության քաղաքական և բարոյական ձախողման ապացույցն է։
Ժան-Լյուկ Մելանշոն («Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» դաշինքի ղեկավար) - Սա աննախադեպ իրավիճակ է: Մեծամասնություններ այլևս չկան: Այս ընտրություններում նույնիսկ երկրորդ տեղը հաջողություն է և համապատասխանում է մեր գերակա նպատակներին, այդ թվում՝ թույլ չտալ, որ նախագահի կուսակցությունը ստանա բացարձակ մեծամասնություն։
«Հանրապետականները եղել են և կմնան ընդդիմություն»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության ղեկավար Քրիստիան Ժակոբը:
Էմանուել Մակրոնը դեռ չի մեկնաբանել ընտրությունների արդյունքները: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիա Գրեգուարը հայտնել է, որ իշխող կուսակցությունը հիասթափված է ձայների նման բաշխումից:
«Սա դաս էր: Դժվար է լինելու: Նախագահական դաշինքը սկսում է ակտիվ բանակցությունները այլ կուսակցությունների հետ՝ խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնություն ստանալու համար»,- ընդգծել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Ազգային ժողովը ցրելու հարց դեռևս օրակարգում չկա։
Ընտրությունների արդյունքներն աննախադեպ են որակում նաև տեղական լրատվամիջոցները.
Le Monde` Երկրորդ փուլը ցնցում է Մակրոնի հնգամյա նախագահության մեկնարկը։ Վարչապետը ստիպված է դաշնակիցներ փնտրել:
Figaro՝ Լը Պենի արդյունքն աննախադեպ է՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ ազգայնական ուժերի ցանկացած առաջխաղացում խորհրդարանում անհավանական էր թվում:
Parisien՝ Մելանշոնի ձախակողմյան դաշինքը պարտվեց պատերազմում, բայց հաղթեց ճակատամարտը։ Նրա կողմնակիցները ստանում են Սահմանադրությամբ և խորհրդարանական կանոնակարգով նախատեսված ճնշման բոլոր լծակները:
Վերլուծաբանները նշում են նաև, որ քվեարկության նման արդյունքը կախված էր ընտրողների մասնակցությունից, որն այս տարի կազմել է շուրջ 40 տոկոս: Նման ցածր ցուցանիշը բացատրում են, այդ թվում՝ Ֆրանսիայում վերջին օրերին գրանցված ծայրահեղ շոգ եղանակով. հարցումները ցույց են տվել, որ շատ քաղաքացիներ ուղղակի նախընտրել են մնալ տանը կամ այցելել լողափեր: