ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների, հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
«Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,- ասված է ԲԴԽ պարզաբանման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրված ասուլիսում գաղտնի ձայնագրություն էր հրապարակել ու հայտարարել, թե ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թ. փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ռուբեն Վարդազարյանը,
հիշեցնենք, մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու ստորագրությունը: