Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:
***
Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծելու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:
***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023 թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձևավորվի:
;