Յուրաքանչյուրն անվտանգ ապաստան փնտրելու իրավունք ունի՝ ով էլ նա լինի, որտեղից էլ լինի, երբ հարկադրված լքել է իր երկիրը՝ Փախստականների համաշխարհային օրվա այս տարվա ուղերձն է։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների գործակալության 2021-ի տարեկան զեկույցի՝ աշխարհում յուրաքանչյուր 78 անձից 1-ը տեղահանված է։
Անահիտ Հայրապետյան (Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու) - 100 միլիոն է արդեն փախստականների թիվն ամբողջ աշխարհում: Պատերազմները, հետապնդումները ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենիքը:
Պետք է աջակցել, որ նոր համայնքում փախստականը կարողանա ինտեգրվել։ 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային միացած մեր երկրում, ինչպես աշխարհի ավելի քան 160 պետություններում ապաստան ստանալու նույն կարգն է գործում:
ՀՀ-Ն ՏԱՐԵԿԱՆ ՄՈՏ 250 ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՅՑ Է ՍՏԱՆՈՒՄ
Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետևանքով մինչ օրս Հայաստանում ապաստան է հայցել Ուկրաինայի 250 քաղաքացի, իսկ այլ երկրներից 72-ը՝ վերջին երեք ամսում։
Նելլի Դավթյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Քանի որ տարեկան մոտ 250 ապաստանի հայց ենք ունենում, միգրացիոն ծառայության ռեսուրսները վերջին տարիներին արդեն չեն հերիքում կացարանային իմաստով, և միգրացիոն ծառայությունը միջազգային դոնորների, գործընկերների ֆինանսավորմամբ Աբովյան քաղաքում իրականացնում է նոր հատուկ կացարանի շինարարություն, որն ավարտին կհասցվի այս տարվա ավարտին:
Արման Մելիքյանը 8 տարեկան էր, երբ ընտանիքը Իրաքից Հայաստան տեղափոխվեց՝ փախստականի կարգավիճակ ստանալով։ Ասում է՝ կարևորը ձգտելը, նպատակ դնելն ու նորից ոտքի կանգնելն է։ Երգարվեստից մինչև նկարչություն՝ իրեն փորձել է տարբեր ոլորտներում, հիմա մոդել է:
Արման Մելիքյան - Ամեն երկրում էլ կան դժվարություններ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բանն է հասանելի, ինչ-որ մի տեղ՝ մի ուրիշ բան, բայց երբ անում ես այդ ամենը քո երկրում, դա հաստատ քեզ ավելի տեղ կտա, որ քեզ լավ զգաս, որ քո երկրում դու ինչ-որ լումա ունես՝ ինչ-որ մի ճյուղ, մասնագիտություն զարգացնելու:
Մեր երկրում որպեսզի փախստականներն ինքնուրույն կարողանան հարթել իրենց ուղին, պետությունը միջազգային կառույցների ու ՀԿ-ների գործակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում՝ սոցիալականից մինչև տնտեսական։
Նելլի Դավթյան - Հայոց լեզվի դասընթացներ ենք կազմակերպում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, և տարիներ շարունակ նաև բնակվարձի սուբսիդիայի հնարավորություն է եղել մեր նոր ճանաչված փախստականների համար։
Փախստական ճանաչվելուց հետո պետությունը անձին մինչև 1.5 տարի անվճար բնակելի տարածք է հատկացնում ինտեգրման կենտրոնում։ ՄԱԿ-ն էլ ընդունող համայնքներում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Միայն նախորդ տարի դրանց թիվը հասել է 100-ի:
Անահիտ Հայրապետյան - Սյունիքի մարզը, Կոտայքի մարզը, Արարատի, Արմավիրի մարզերն ունեն այնպիսի մարզադաշտեր և խաղահրապարակներ, որ չեն ունեցել, և հիմա օրական 2000-3000 երեխա՝ տեղացի թե տեղահանված, միասին ապրում, վայելում են, իրենք են մտերմանում, իրենց ծնողներն են մտերմանում: Դա կոչվում է հենց համայնքի հզորացում:
Փախստականների միջազգային օրը պետությունն ու միջազգային կառույցները նշում են ոչ միայն խնդիրներն ու ձեռքբերումներն առանձնացնելով, այլև տոնական միջոցառմամբ:
Հայկական երգ ու պարից մինչև աֆրիկական․ օրը ևս մեկ առիթ էր համախմբվելու ու մշակութային երկխոսություն սկսելու: