Լոռի Բերդ համայնքի 40 բնակիչ ունեցող Հովնանաձոր բնակավայրում պետություն-համայնք ներդրմամբ նախորդ տարի առաջին անգամ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել։ Դեպի գերեզմանատուն տանող մոտ 390 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման ծրագիրը տեղափոխվել է այս տարի:
Արայիկ Ներսիսյան (Լոռի Բերդ համայնքի ղեկավար) - Նպատակահարմար ենք համարել առաջին հերթին մենք կառուցենք դեպի գերեզմաններ, որ դա բոլորին ա ծառայելու, ու դեպի դպրոց ճանապարհները։ Բոլոր գյուղերում մենք սկզբունքային վերցրել ենք՝ որն ենք սարքում շուտ․ սարքըմ ենք դեպի գերեզման ու դեպի դպրոց։
2021 թվականին խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ 15 ծրագրից 9-ն ավարտվել են դեռ նախորդ տարի, 6-ը՝ տեղափոխվել 2022 թվական։
Արայիկ Ներսիսյան - Անցած, նախանցած տարիները մենք շատ սուբվենցիաներ ունեցող համայնքներից ենք։
Ռուբեն Մարգարյան (Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության խորհրդական) - 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերը ընդհանուր կազմել են 220 մլն դրամ, որից մոտ 100 միլիոնը իրականացվել է պետական աջակցությամբ, իսկ 120 միլիոնը համայնքային ներդրում է։
Այժմ ընթացքի մեջ է տուֆ քարով սալարկման երկու ծրագիր՝ Հովնանաձոր և Կողես բնակավայրերում, որոնք էլ, ըստ համայնքի ղեկավարի՝ շուտով կավարտվեն։
Արայիկ Ներսիսյան - Որակը կարող ենք մենք նաև նայել, շատ որակով քար ա բերված։ Կան հատվածներ, որ գրունտի հետ կապված որոշակի նաև նստածք ա տալիս, շինարարը հանմ ա, նորից նստացնըմ։ Շատ լավ, որակով աշխատանքներ ա արվըմ։ Մենք որակը չենք թողա, որ բաց մնա։
2021-ին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ համայնքի կարիքների համար ձեռք են բերվել գյուղտեխնիկա, տեղադրվել են հակակարկտային կայաններ, նորոգվել համայնքային կենտրոններ, հանդիսությունների սրահներ, սալարկվել են ներհամայնքային ճանապարհներ, մասնակի և ամբողջական նորոգվել է բնակավայրերի ջրամատակարարման ներքին ցանցն ու ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը։
Ռուբեն Մարգարյան - Այդ 15 ծրագրերի թվում են նաև համայնքային կենտրոնների բարեկարգման ծրագրերը, որոնք կարևոր նշանակություն ունեն համայնքի բնակիչների համար։ Հիմնականում համայնքային կենտրոնները անբարեկարգ վիճակում էին և սկսած 19 թվականից մաս-մաս, ըստ համայնքի բյուջեի հնարավորության, վերանորոգվում են, և արդեն մի քանի համայնքում դրանք 2022 թվականին կհասցվեն ավարտուն տեսքի։
2022 թվականի համար արդեն ներկայացվել է 15 ծրագիր՝ մոտ 360 մլն դրամ արժեքով։ Ծրագրերից մի քանիսն արդեն հաստատվել են, մնացածը լրամշակման փուլում են։ Համայնքում սպասում են փաթեթների ամբողջացմանն ու հաստատմանը, որպեսզի սկսեն աշխատանքները։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան