Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգը 1994 թ.-ից ի վեր առաջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է միանգամից 0.75 տոկոսային կետով՝ սահմանելով 1.5-1.75 տոկոսի միջակայքում: Աշխարհի կենտրոնական բանկերը գնաճը զսպելու համար 1980-ականներից ի վեր ամենաագրեսիվ դրամավարկային քաղաքականությունն են վարում՝ խարխլելով ֆինանսական շուկաները: ԱՄՆ-ին հաջորդեց Շվեյցարիան, Անգլիայի բանկը ևս կարճ ժամանակ անց ավելացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Զարգացած երկրներից միայն Ճապոնիայի բանկն է, որ խստացումների չի գնում:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Փաստացի քաղաքականությունը հետևյալն է՝ բարձր գնաճային միջավայրը և նաև գնաճային սպասումները զսպել, որովհետև դրանք արդեն իսկ ազդում են տնտեսության վերականգնման վրա, և, փաստացի, իհարկե, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նաև որոշակիորեն զսպում է տնտեսական աճը, սակայն սղաճը ավելի բարձր տեմպերով է աճում, իսկ տնտեսական ակտիվությունը, ըստ դիտարկումների, նվազում է ավելի քիչ չափով, հետևաբար այս քայլը ավելի տրամաբանական էր:
Փորձագետներն ԱՄՆ-ից անգամ ավելի կտրուկ քայլեր էին ակնկալում, քան իրականացվել է: Մասնագետները պնդում են՝ այնուամենայնիվ Դաշնային պահուստային համակարգը որոշակի պահպանողական մոտեցումներով է առաջնորդվում:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում 8.6 տոկոս գնաճ է նկատվում, և էս պայմաններում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 1.75 տոկոսի, այսինքն, ըստ էության, փաստացի տոկոսադրույքը բացասական դիրքում է: Ընդհանրապես, ընդունված է, որ զսպող դրամավարկային քաղաքականության համար պետք է տոկոսադրույքը փոքր-ինչ ավելի բարձր լինի գնաճի տեմպերից, որպեսզի դա կարողանա վերադարձնել գնաճը իր ցանկալի տեմպերին:
Այլ արդյունավետ միջոց գնաճը զսպելու, քան դրամավարկային քաղաքականության խստացումն է, աշխարհում չկա, իսկ երկրները առաջին հերթին առաջնորդվում են սոցիալական, այլ ոչ տնտեսական գործոնը հաշվի առնելով՝ նշում են մասնագետները:
Կարեն Սարգսյան - ԱՄՆ-ի պարագայում, օրինակ՝ փաստացի հետքովիդյան շրջանում ազգաբնակչության մոտ առկա են բավական մեծ իրացվելի միջոցներ, որոնք վերջիններս ստացել են այդ համավարակի դեմ պայքարի շրջանակում: Խոսքը գնում է մոտավորապես 2.5-ից մինչև 2.7 տրլն դոլարի մասին, ինչը հսկայական գումար է, և այդ գումարները, միևնույն է, ապրանքային շուկաներում կրկին պահանջարկը կխթանեն, և այդ պահանջարկի խթանման արդյունքում նոր գնաճային սպասումներ կձևավորեն, հետևաբար, այս քայլը բավական արդյունավետ էր:
Զարգացած երկրների կոշտ դրամավարկային քաղաքականությունն էլ իր հերթին վնասում է զարգացող երկրներին, որոնցից է նաև Հայաստանը, սակայն այս պահին դեռևս մեր երկիրն իր վրա այդ ազդեցությունները չի զգացել:
Նարեկ Կարապետյան - Էդպիսի խնդիրների աշխարհը ականատես է եղել՝ 97-98 թվականների ասիական ճգնաժամի ժամանակ, երբ ԱՄՆ-ն կրկին սկսեց զսպող քաղաքականություն իրականացնել: Դրա արդյունքում զարգացող երկրներից փողի հոսք է տեղի ունենում դեպի զարգացած երկրներ, որովհետև զարգացած երկրներում ակտիվներն ավելի գրավիչ են դառնում իրենց տոկոսադրույքների առումով:
Հայաստանի կենտրոնական բանկը օրեր առաջ որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնել՝ 9.25 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան