Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողների ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է հատկապես երիտասարդների շրջանում:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեսպանատան հետ համագործակցությամբ փորձում է անել առավելագույնը՝ համապատասխան ռեսուրսներ ապահովելու, վերապատրաստումներ կազմակերպելու, ուսուցիչներին աջակցելու նպատակով»,- ողջույնի խոսքում ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ այս տարվանից ՀՀ Տավուշի մարզում փորձարկվող հանրակրթական պետական նոր չափորոշիչները ևս կրում են ֆրանկոֆոն արժեքները, այդ թվում՝ ժողովրդավարություն, ուսուցման մասնակցային բաղադրիչ և այլն:
«Դուք իրականացնում եք ոչ միայն ֆրանսերենի դասավանդման, այլև ֆրանկոֆոնիայի արժեքները տարածելու առաքելությունը: Դուք բարի կամքի կամուրջ եք երկու ժողովուրդների միջև: Մաղթում եմ ձեզ ուժ, կորով և նախանձախնդրություն այս կարևոր ճանապարհին»,- խոսքը եզրափակել է Ա. Մարտիրոսյանը:
Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության 10-ամյակների շրջանակներում իրականացված ծրագրերին, հայ-ֆրանսիական օրակարգի մաս կազմող համագործակցության նոր ուղղություններին, ֆրանսիական փորձի ներդրմանը:
Հայաստանում ֆրանսերեն դասավանդողներին ողջունել և երախտագիտության խոսք է ասել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
«Շնորհակալ եմ ձեզ օրնիբուն աշակերտների և ուսանողների կողքին լինելու, ֆրանսերենը տարածելու և պաշտպանելու, ձեր անխոնջ աշխատանքի համար: Կարծում եմ՝ այս տարի կկարողանանք առաջընթաց գրանցել ֆրանսերենի ռազմավարության հարցում, մշակել Ֆրանկոֆոնիայի ճանապարհային քարտեզ, որի նպատակն է մտածել ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի ամրապնդման ուղիների մասին»,- ասել է դեսպան Անն Լույոն:
Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ՝ անդրադառնալով Հայաստանում ֆրանսերենի դասավանդման առաջընթացին, խորացված ուսուցման ամրապնդմանը, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հեռանկարների ու մարտահրավերների վերհանմանը: