Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 31-ն էր: Ժամկետի ավարտից անցել է 20 օր: Հանձնաժողովն այս պահին ամփոփում է տվյալները, բայց ըստ հանձնաժողովի ներկայացուցչի՝ արդեն ակնհայտ է՝ հիմնականում ժամանակին ներկայացվել են հայտարարագրերը:
Կարեն Հակոբյան (ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ) - Մեծ մասամբ, թերևս, ներկայացվել է, 90/10 հարաբերակցությամբ չի ներկայացվել, հիմնականում խնդիրներ ունենք համայնքների հետ: Որքան էլ հանձնաժողովն իրազեկման միջոցառումներ ենք անում, համայնքների մասով խնդիրներ ունենք:
Համայնքների պաշտոնատար անձինք առաջին անգամ հայտարարագիր են ներկայացրել 2020-ի մայիսի 1-ից, ավագանիները՝ 2021-ի փետրվարի 17-ից: Հակոբյանը կարծում է՝ գուցե դա է պատճառը, որ դեռ ամբողջությամբ չեն ինտեգրվել գործընթացին: Հայաստանում մոտ 35 հազար անձ՝ 9 հազար պաշտոնյա և նրանց ընտանիքի անդամները, տարեկան ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր:
Կարեն Հակոբյան- Հիմա հեռախոսազանգերի միջոցով ենք փորձել տեղեկացնել հայտարարատուներին, արդեն սկսվում է գործընթաց՝ չներկայացրած անձանց թղթային ծանուցումներ ուղարկելու վերաբերյալ:
Հայտարարագիր չներկայացրած անձինք նախ հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվում են պարտականության մասին, դրանից հետո միայն հանձնաժողովը գրավոր թղթային ծանուցում է ուղարկում, ըստ որի 30-օրյա ժամկետում նրանք պարտավոր են ներկայացնել հայտարարագրերը: Սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում հարուցվում է վարույթ, կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, նշանակվում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Կարեն Հակոբյան - Նշված 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում հանձնաժողովն իրավասություն ունի դիմելու դատախազություն, որը ենթադրում է, որ հիմքեր կան կասկածելու, որ թաքցնելու բան ունի հայտարարատուն:
Քանի՞ վարույթ է հարուցվել, գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը թաքցնելու հիմքով կա՞ն արդյոք դատախազություն ուղարկված դիմումներ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվյալներ կներկայացնի հուլիսի 15-ից հետո: 2023-ից հայտարարագրերը կներկայացվեն ավտոմատացված համակարգով: Վստահ են՝ թվային տեխնոլոգիաների ներդրումը նաև թույլ կտա կատարել հեշտացված վերլուծություններ, կմեծացվեն հաշվետվողականությունը, թափանցիկությունը:
Կարեն Հակոբյան - Նախատեսվում է նոր էլեկտրոնային համակարգում ներդնել բոլոր պետական կառույցներից ստացվող տեղեկությունների շտեմարանները, որոնց միջոցով հայտարարատու պաշտոնատար անձը հայտարարագիրը լրացնելիս ոչ թե ձեռքով, մեխանիկական եղանակով նշված տվյալները կլրացնի, այլ յուրաքանչյուր բաժին, որը կապված կլինի փոխգործելիության հարթակի միջոցով, հնարավորություն կտա հայտարարատուին ներբեռնել կոճակի օգնությամբ իրեն վերաբերելի տվյալները ներբեռնել հայտարարագրում:
Մինչ այդ, հանձնաժողովում նշում են՝ իրազեկման միջոցառումների շնորհիվ մեծացել է նախկինում սխալ կամ ոչ ամբողջական տվյալներով հայտարարագրերում փոփոխություն կատարելու ենթակա դիմումնեի թիվը: Հիմա, ըստ Հակոբյանի, առավել մեծ պատասխանատվությամբ են լրացնում հայտարարագրերը՝ խուսափելով հնարավոր պատժամիջոցներից: