ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այսօրվա ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության՝ իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ:
«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, որը ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:
Հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն: Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազլի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել»,- գրել է Աբրահամյանը:
Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում կասեցվել են 2021-ի ապրիլի 15-ին, այսօր հրավիրված ասուլիսում հրապարակել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն:
Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Վարդազարյանն ասել է, որ 2 ժամանոց ձայնագրությունից հրապարակում է շուրջ 10 րոպեն: Ձայնագրությունում Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում է «չթարսվել», «պրոբլեմ չսարքել»:
Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանն ասել է, թե իրեն առաջարկվել էր հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:
Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Ըստ մեղադրանքի՝ զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի՝ արդարադատության իրականացմանը: