Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Արարատի մարզի Արաքսավան բնակավայրի նոր պոմպակայանի աշխատանքների մեկնարկը տվեց: Արաքսավանի բնակիչների մի մասը 30 տարի զրկված էր հողը մշակելու հնարավորությունից, քանի որ հին պոմպակայանը Խորհրդային միության փլուզումից հետո այլևս չի գործել, իսկ ռելիեֆային անհարթությունն այստեղ այլ տարբերակով ջուր հասցնելու հնարավորություն չի տվել:
Ֆուկուշիմա Մասանորի (ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան) - Ճապոնիայի համար Հայաստանը մեծ նշանակություն ունի` որպես բարեկամ երկիր, և մեզ համար շատ կարևոր է գործակցությունը: Հարաբերություններն այնքան սերտ չեն, որքան ես կցանկանայի, բայց այս ծրագիրը նպաստում է հարաբերություններ խորացմանը, այն մեր երկրների ընկերության խորհրդանիշներից մեկն է:
60 հեկտար հողատարածք ոռոգելու ծրագիրը մշակվեց 2019 թվականին, աշխատանքների մեկնարկը տրվեց 2021-ին: Այն իրականացվում է Կառավարության, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ:
Արժողությունը մոտ 61 մլն դրամ է, ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 42 միլիոնը, Ճապոնիայի կառավարությունն է տրամադրել:
Լիանա Եսայան («Եվրասիա» ՀԿ գլխավոր տնօրեն) - 20 տոկոսը պետական աջակցություն, 7 միլիոնը` «Եվրասիա» հասարակական կազմակերպության, մնացածը` Ճապոնիայի դեսպանատան կողմից:
Պոմպակայանը Արաքսավան-Հովտաշեն սահմանային գլխամասում է: 500 մ երկարությամբ խողովակաշարն անցնելու է դրենաժով, ոռոգելու է անջրդի հողերը: Սա մարզում ոռոգման ջուր ապահովելու միակ ծրագիրը չէ:
Սեդրակ Թևոնյան (Արարատի մարզպետ) - Կառավարության առաջնահերթ խնդիրն է, որ գյուղացիներին ջուր մատակարարվի: 2021 թվականին 11 և ավելի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, և աշխատանքներն արվել են, այս տարի էլ ունենք 10 ծրագիր, դեռ քննարկման փուլում են, բայց վստահ եմ, որ Կառավարությունը հավանություն կտա:
Արտաշատ համայնքում էլ պլանավորվում է 5 մրդ դրամի սուբվենցիոն ծրագիր իրականացնել, որից մոտ 1 մլրդ 200 մլնը ոռոգման ցանցի վերականգնմանն է ուղղվելու:
Կառլեն Մկրտչյան (Արտաշատ համայնքի ղեկավար) - Հետագայում հնարավորություն կա պոմպերը փոխելիս ավելի հզոր պոմպեր տեղադրվեն` ավելի շատ տարածք ոռոգվի:
«Եվրասիա» ՀԿ տնօրենն էլ հույս ունի, որ ոռոգման ջուր ունենալը Արաքսավան բնակավայրում կակտիվացնի գյուղատնտեսությունը:
Լիանա Եսայան - 64 տնային տնտեսության կամ մոտ 260 շահառուի սոցիալ-տնտեսական վիճակը, հույս ունենք, բավականին լավացնելու է ու նպաստելու է, որ մարդիկ մնան իրենց համայնքում ու զարգացնեն իրենց համայնքները:
Արաքսավան համայնքն ունի 262 հա հողատարածք: Այս տարի մարզի տասնյակից ավելի բնակավայրերում ոռոգման համակարգերն արդիականացնելու սուբվենցիոն ծրագրեր կան։ Հայտերն արդեն ներկայացվել են Կառավարություն, դեռևս քննարկման փուլում են։
Հեղինակ` Անի Օհանյան