Ամառային կենցաղի հետ կապված անվտանգության կանոնները բազմապիսի են` հակահրդեհային, առողջապահական, նաև, իհարկե, իրավական:
Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են:
Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարևաններին` ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն:
Տանը մի՛ թողեք փող ու թանկարժեք իրեր, մի՛ կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն:
Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու:
Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:
Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է:
Ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողների զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո՛, կարող է մղում լինել` րոպե առաջ հասնել Սևան ու մտնել ջուրը:
Ոստիկանությունը հորդորում է` հինգ րոպե ուշ հասնել, բայց` հասնել: Հիշեք, որ ծանր հետևանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետևանք են, ու՝ ոչ միայն:
Ոստիկանությունը կտրականապես և հետևողականորեն հորդորում է` թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել: