Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Հակոբյանը երեք հաղթական գոտեմարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0:6 հաշվով պարտություն է կրել՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր:
Պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը և 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:
Արման Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հաչի Զադեի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին, իսկ Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով է հաղթել Թուրքիայի ներկայացուցիչ Բուրակ Յալչինին և դարձել բրոնզե մեդալակիր: Արտավազդ Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է իտալացի ըմբիշի հետ և 10:0 հաշվով հաղթանակ տարել, իսկ Նարեկ Նիկողոսյանը վճռորոշ գոտեմարտում 9:3 հաշվով առավելության է հասել մոլդովացի մրցակցի նկատմամբ:
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Ռազմիկ Եփրեմյանը (7:1), սակայն 5:6 հաշվով պարտություն է կրել:
Հունահռոմեական ոճի ըմբիշներն էլ ավելի վաղ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը դարձյալ զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: