Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը իր ազդեցությունն է թողել Եվրամիության ներսում ստեղծված ավանդական դաշինքների վրա։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով փորձագետներին։
Նրա խոսքով՝ ԵՄ գործընկերները սկսել են վերանայել իրենց դիրքորոշումը՝ կախված Մոսկվայի նկատմամբ կոշտության և Ուկրաինայի ղեկավարությանը ցուցաբերած աջակցության աստիճաններից։ Փորձագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակը գրեթե անուղղելի վնաս է հասցրել ամենաուժեղ դաշինքներից մի քանիսին՝ գրում է թերթը։ Մասնավորապես, հակասություններ են առաջացել Վիշեգրադյան խմբի ներսում (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա և Չեխիա) և Վայմարի եռանկյունու երկրների (Ֆրանսիա, Լեհաստան և Գերմանիա) միջև։
Ըստ հրապարակման՝ ակնհայտ տարաձայնություններ կան Եվրամիության հիմնադիր պետությունների՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և Բենիլյուքսի երկրների միջև։ «Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին և տարիներին մենք կտեսնենք ավելի ու ավելի շատ դաշինքներ, որոնք կձևավորվեն յուրաքանչյուր հարց լուծելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների հարցով «Եվրոպական ուժ» ծրագրի տնօրեն Սյուզի Դենիսոնը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի ցուցաբերած միասնությունը կարող է սկսել ճաքել՝ կապված եվրոպական տնտեսության վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական ազդեցության հետ: «Խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի գների կամ փախստականների պատճառով առաջացած բաժանման մասին է, այլև խոր տարանջատման մասին նրանց միջև, ովքեր ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել, և նրանց, ովքեր ցանկանում են տեսնել Ռուսաստանի պարտությունը»,- ասել է փորձագետը: