Մայիսին Չինաստանը տարեկան կտրվածքով ավելացրել է ռուսական հում նավթի ներմուծումը ռեկորդային 55 տոկոսով։ Ռուսաստանը հայտնվել է առաջին տեղում բոլոր արտահանողների շրջանում՝ հետ մղելով Սաուդյան Արաբիային, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալները։
Մայիսին Ռուսաստանից նավթի մատակարարումների ծավալը կազմել է գրեթե 8,42 մլն տոննա։ Սա մեկ քառորդով բարձր է ապրիլի համեմատ։ Նավթը տեղափոխվում է ծովով և «Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս» խողովակաշարով։ Նման դինամիկան բացատրվում է չինացի գնորդներին տրվող հումքի մեծ զեղչերով, քանի որ ոչ բոլոր երկրներն են ցանկանում Ռուսաստանից նավթ գնել պատժամիջոցների պատճառով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները աճել են 31 անգամ։ Ըստ աղբյուրների՝ Մոսկվան Դելիին 30 տոկոս զեղչ է առաջարկել։ Ռուսաստանը վճարումներն ընդունում է հնդկական ռուփիով և ԱՄԷ դիրհամով։