Պարենային ապրանքներից էլ կարևոր՝ ջրի խնդիրն է խիստ սուր Սյունիքի Ագարակ ու Մեղրի համայնքներում:
Բնակիչները պնդում են՝ սարերից եկող զուլալ ջուրը մաքրման կայաններում մի բան էլ աղտոտվում է, նոր հասնում իրենց ծորակներ: Ջրամատակարարում ապահովող «Վեոլիա» ընկերությունում անգամ չեն ժխտում՝ մաքրման կայանները քանդման ենթակա են, բայց համարում են՝ իրենց պարտավորությունը չէ, պետությունը թող մտածի:
Կառավարությունում խնդիրն ուսումնասիրել են դեռ երկու տարի առաջ, նախորդ տարի նոր կայանների նախագծման աշխատանքներն ավարտել են, բայց կառուցման համար դեռ միջոցներ են որոնում: Մինչ այդ Մեղրիում և Ագարակում բնակիչները շարունակում են սարերից հոսող պաղ ջուրը եռացնել ու սառեցնել՝ հիվանդություններ ձեռք չբերելու համար:
Ապրել Հայաստանի ամենաշոգ վայրերից մեկում ու զրկված լինել խմելու մաքուր ջրից: Մեղրեցիների ու ագարակցիների արդարացի դժգոհությունը պատասխանատուներին է փոխանցել Մուշեղ Իսախանյանը՝ փորձելով լսել հարցի լուծման տարբերակներ: