Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է իրեն ուղղված ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։
Նրա խոսքով՝ դրանցից յուրաքանչյուրը պարտավորեցնող է։
«Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։
Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը»,- ասված է Խաչատրյանի շնորհակալական խոսքում:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Միհրան Խաչատրյանը:
Խաչատրյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին, Երևանում: Բարձրագույն կրթությունն ստացել է՝ ավարտելով Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան 1984-ին: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում:
Ավիացիայի ոլորտում աշխատում է 1973 թվականից:
2021 թ. օգոստոսի 13-ից մինչև 2022 թ. հունիսի 17-ն աշխատել է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից: