ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Անդրեա Օրլանդոյի հետ։
Ընդգծելով երկու նախարարությունների՝ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը՝ կողմերը քննարկել են աշխատանքի և զբաղվածության քաղաքականության վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու զբաղվածության մակարդակի բարձրացումը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը կարևորել է աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգի դերը, որի արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտա նպաստելու աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։
Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է նաև մասնագիտության ճիշտ ընտրության, աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք նպատակ ունեն օգնելու վերջիններիս մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը։
Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի համատեղ ծրագրեր իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի այլ ուղղություններով ևս։