Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններով հուլիսի 1-ից վերանալու են խորհրդային տարիներից մնացած՝ բանտային ռեժիմի հինգ տեսակները: Բաց, կիսաբաց, փակ, կիսափակ և բուժականի փոխարեն կլինի անվտանգության երեք գոտի՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության: Փաթեթն ԱԺ-ն ընդունել է 2021-ին: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունները:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատություն նախարարի տեղակալ) - Պրակտիկայում, օրինակ՝ միևնույն ռեժիմում գտնվող անձինք կրում են իրենց պատիժը, մեկը դատապարտված է մինչև 10 տարի ժամկետով, մյուսը՝ մինչև 3, երկուսն էլ կարող են պատիժը կրել կիսաբաց ռեժիմում, բայց ոչ մի իրավունքների և պարտականությունների տարբերություն չունեն, անկախ նրանից՝ ինչ վարքագիծ են դրսևորում՝ լավ, վատ, թե նոմինալ կամ բացասական:
Ըստ նոր օրենքի՝ պատժի կրման ռեժիմի ընտրության հիմքում այսուհետև դրվելու է անձի վարքագիծը: Վերասոցիալականացման հանձնաժողովը գնահատելու է դատապարտյալի ռիսկերն ու կարիքները, անհատականացնելու է նրա պատժի կրման պայմանները:
Նոր երեք գոտիներին կհարմարեցվի նաև բուժական հիմնարկը, յուրաքանչյուր ազատազրկվածի համար անհատական պլան է կազմվելու: Այն դատապարտյալները, որոնք ունեն բժշկական օգնության կարիք, ինչպես հարկն է բուժում կստանան, բայց չտեղափոխվելով իր ռիսկայնության գոտուց: Փոխնախարարը հստակեցնում է՝ այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հիմնականում կացարանային պայմաններ են, որը բնորոշ է կիսաբաց ռեժիմին, մինչդեռ այնտեղ հաճախ բուժում են ստանում նաև ծանր հանցանք գործածները՝ հայտնվելով ավելի մեղմ ռեժիմում:
Արփինե Սարգսյան - Եթե գործ ունենք փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապատրյալի հետ, բնական է, որ տվյալ ՔԿՀ-ում պետք է խցային պայմաններին բնորոշ պատժի կրման պայմաններ լինեն, որ մենք կարողանանք իրապես թե՛ անվտանգային մակարդակով, թե՛ սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացման մակարդակով շարունակել տանել այն աշխատանքը, որն ի սկզբանե նախատեսված է եղել:
Օրենքների փոփոխություններն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո առկա հինգ ռեժիմում բնակվող անձինք կվերաբաշխվեն երեք նոր գոտում:
Եթե այս պահին անձը, օրինակ՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկում է, հուլիսից կտեղաբաշխվի միջին անվտանգային գոտում, քանի որ կիսաբաց ռիժիմի պայմանները բնորոշ են միջին անվտանգային գոտուն:
Բժիշկներից, հոգևորականներից, հոգեբաններից, անվտանգության ու սոցաշխատողներից կազմված վերասոցիալականացման հանձնաժողովը պետք է 3-6 ամիսը մեկ ռիսկերի և կարիքների գնահատում ներկայացնի հիմնարկի պետին:
Արփինե Սարգսյան - Հանձնաժողովը պետք է նշի՝ անձը ինչպիսի՞ սոցիալ-հոգեբանական աշխատանքի կարիք ունի, արդյոք կա՞ անվտանգային հատուկ միջոցառում ձեռնարկելու կարիք, թե՞ ոչ, եթե հավակնում է ինքնասպան լինել և այլ դեպքեր:
Փոփոխությունները, Սարգսյանի խոսքով, կօգնեն հիմնարկին յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ ունենալ անհատական պլան, իսկ դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն գոտու մեղմացման կամ ազատման հնարավորությունները: Արդարադատության նախարարության տրամադրած տվյալի համաձայն՝ Հայաստանում այս պահին 1029 դատապարտյալ կա: