2011-ից՝ նախ Կասյան փողոցին հարող հրապարակում, այնուհետև Հրազդան մարզադաշտի մոտ գործող գյուղատնտեսական տոնավաճառի բացմանը ֆերմերները սպասում էին: Տոնավաճառի գաղափարն արդարացրել է իրեն, ասում են կազմակերպիչները. ֆերմերներից արդեն 50 հայտ են ստացել:
Մայրաքաղաքի Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում հունիսի 18-ից յուրաքանչյուր շաբաթ, կիրակի կգործի ավանդական դարձած գյուղատնտեսական տոնավաճառը:
Հայկ Բաղդասարյան (Գյուղատնտեսական տոնավաճառների համակարգող) - Երկու օրվա ընթացքում արդեն հիսուն ֆերմեր դիմել է մեզ: Հիմնականում նույն ֆերմերներն են:
Քաղաքապետարանի գրավոր թուլտվությունը ստանալուն պես կազմակերպիչները շտապում են տեղադրել տաղավարներն ու սեղանիկները: Բերքի հասունացման ժամանակաշրջանով պայմանավորված` առևտրի համար դիմած ֆերմերների զգալի մասը Արարատից, Արմավիրից ու Արագածոտնից են լինելու: Հետո կմիանան Կոտայքը, Վայոց Ձորը. մարզային սահմանափակում չկա, ասում է Հայկ Բաղդասարյանը:
Էկոնոմիկայի նախարարության անվճար տրամադրած տաղավարները, սեղանիկները, սայլակներն ու էլեկտրական կշեռքները կբավարարեն բոլորին:
Հայկ Բաղդասարյան - Վաղվա համար կլինեն 50-60-ը, եթե այսօր փոփոխություն չլինի` հայտերի հետ կապված, իսկ հետագա շաբաթների համար գրանցումը լինում է նախնական:
Որ շուկա վերավաճառողներ չմտնեն, գրանցում են ֆերմերի ամբողջական տվյալները՝ վաճառվող գյուղմթերքի տեսակից մինչև ֆերմերի մշակած հողի քանակը: Որ գնորդն էլ գոհ մնա իր առևտրից՝ տոնավաճառի երկու մուտքերի մոտ կլինեն ստուգաչափող կշեռքներ: Կազմակերպիչը գներից խուսափում է խոսել` այն թողնելով վաճառողին ու գնորդին:
Հայկ Բաղդասարյան - Առևտուրը իրականացնելուց հետո կստուգեն իրենց համար: Այն միտքը որ կշեռքի մեջ խաբվեցին, էլ չլինի:
Հուլիսի 16-ից սկսած` ևս մեկ տոնավաճառ կբացվի Ավան վարչական շրջանում, ասում է Հայկ Բաղդասարյանը: Տոնավաճառները կգործեն մինչև տարեվերջ: