Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն ու շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենը տեղում քննարկում են, նախագծում փոփոխություններ անում, փորձում գտնել լուծումներից լավագույնը, որ յուրահատուկ ճարտարապետությամբ հուշարձանը վերականգնվի, բայց նաև պահպանի 80-ականների տեսքը: Ճարտարապետը հիշում է՝ նախագծումը սկսել էին դեռ 1974-ին:
Մկրտիչ Մինասյան (Հայաստանի ճարտարապետների միության նախագահ) - Վերգետնյա մի հարթակ ունենանք, որի ներքևում կլինի շատրվան ու սրճարանի համար առանձնացված տեղերով:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Հետաքրքիր է, որ հեղինակը հուշարձանի դետալի հետ կապված որևէ ուղղություն ցույց տալիս հիշում է 80-ականներից, դրվագներ պատմում՝ 18-ից արվել են քայլեր՝ միտք, մտքի իրականացում, 19-20-ին՝ նախագծում, 21-22-ին՝ շինարարական աշխատանքներ:
Խորեն Գրիգորյանը նախագծային պատկերն է ցույց տալիս՝ այսպիսի վերջնական տեսք է ունենալու, իսկ ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:
Խորեն Գրիգորյան - Կանաչապատում է լինելու այստեղ, երկշերտ ջերմամեկուսիչ շերտի անցկացում: Մեր խնդիրը նաև կաթոցները վերացնելն է, այսինքն՝ ջրամեկուսացումն ենք իրականացնում:
Շինհրապարակում, անկախ ջերմաստիճանից, ակտիվ շինարարություն է: Ընկերության տնօրենը նշում է՝ շաբաթ, կիրակի էլ են աշխատում, մինչև մութն ընկնելը: Բայց չեն շտապում: Հուշարձանը պատմական արժեք է, ու ամեն մի դետալ պետք է մանրամասն քննարկել:
Համլետ Կարապետյան (շինարարական ընկերության հիմնադիր տնօրեն) - Ավանդական հղկումը բալգարկան ա, բայց կպավ քարին՝ իր տարիքը կկորցնի, անգամ ավազով չի կարելի, բերեցի փորձեցի, լավ չստացվեց, դրա համար նոր տեխնոլոգիայով ենք անում, ջրով 400 ատմասֆեր, այսինքն՝ բազալտը կտրում ա, այ տենց կտրում ա:
Խոստովանում է՝ ջրով հղկելու տեխնոլոգիան իր համար էլ էր նորություն: Հետո պարզել է՝ այդ տեխնոլոգիային Հայաստանում տիրապետողներ կան՝ երեք եղբայր են՝ Արմավիրի մարզից, գործիքն էլ իրենք են պատրաստել:
Համլետ Կարապետյան - Հիմա 41 տարեկան ա, 5 տարի հետո էլի 41 կլինի, բայց 5 տարի հետո էլի պիտի անենք: Բնական միջոցներով են, նայեք՝ լաքած ա, բայց չի երևում, կարկուտից, արևից պաշտպանում ա: Թռչուններից մեկը ջարդված ա, քանդակագործը նույնից քանդակելու է, մենք՝ տեղադրելու:
Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած կայարանը և հարակից տարածքը բացվել են 1981 թվականի տարեվերջին։ Երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Վերջին տարիներին տարածքում անօթևաններն են մնում:
Մկրտիչ Մինասյան - 81 թ.-ից մինչև 90 թիվը վայելեցինք ու հետո մոռացանք, մեր կառուցածները, վերաբերմունքը, ընդհանրապես մի վայրկյանում ոնց որ լքվեցին: 90-ականների կեսերը, 2000-ականները՝ ոչ մի անգամ չմոտեցան էս կառույցին, որ շտկումներ անեն, քարերը հղկեն:
Ճարտարապետը հույս ունի՝ երբ վերականգնումն ավարտվի, նախկին տեսքի հետ կվերադառնա նաև տարածքի նախկին կենսունակությունը: Քաղաքապետարանից վստահեցնում են՝ արդեն բարեկարգված տարածքում գուցե նաև սրճարան լինի՝ ինչպես 80-ականներին էր: Բայց մինչ այդ երկաստիճան կառույցի ներքևի հատվածն էլ բարեկարգման կարիք ունի: Քաղաքապետարանն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ տարածքի համար ևս լուծում են փնտրում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան