ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ
Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ Կիևը կարող է վերսկսել Մոսկվայի հետ երկխոսությունն օգոստոսի վերջին:
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, երբ Ուկրաինան ամրապնդի իր դիրքերը ռազմաճակատում:
«Չենք ցանկանում մեր ծրագրերի մասին նախապես խոսել, քանի որ ռուսական կողմը կարող է օգտագործել այդ տվյալները: Բայց, կարծում եմ՝ որոշ հատվածներում հակահարձակում կիրականացնենք»,- մանրամասնել է Արախամիան։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ չի բացառել ռուս-ուկրաինական երկխոսության վերսկսումը, սակայն նրա համոզմամբ՝ Կիևը դեռևս ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
Ուկրաինան այլևս նույնը չի լինի, նախկին սահմաններն այլևս չկան՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Sky News Arabia հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Այն Ուկրաինան, որը դուք և մենք գիտեինք նախկինում, այլևս չկա և ակնհայտորեն չի լինի»,- նշել է Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունն Ուկրաինայում կշարունակվի, քանի դեռ Մոսկվան չի իրականացրել իր բոլոր նպատակները։
«ԱԶՈՏՈՒՄ» ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Լուգանսկի ստորաբաժանումները բանակցում են «Ազոտ» գործարանում շրջափակված ուկրաինացի զինծառայողների հետ, առաջարկում վայր դնել զենքը և հանձնվել՝ դեռևս ապարդյուն՝ տեղեկացրել է Սևերոդոնեցկի պարետ Վիկտոր Դուբինան։
Լուգանսկի ժողովրդական ոստիկանության սպա Անդրեյ Մարոչկոն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի մի քանի զինվորական դուրս է եկել «Ազոտ» քիմիական գործարանից և հանձնվել:
Նշվում է նաև, որ արդյունաբերական գոտուց քաղաքացիական անձանց տարհանելու համար հունիսի 15-ին գործարկված մարդասիրական միջանցքը ներկայումս չի գործում:
ԼՈՆԴՈՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՍԱՆԺԻՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ ԱՄՆ-ԻՆ
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը որոշում է կայացրել ԱՄՆ-ին արտահանձնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։
«Ասանժն իրավունք ունի 14 օրվա ընթացքում բողոքարկելու որոշումը: Բրիտանական դատարանները չեն համարել, որ Ասանժի արտահանձնումը ռեպրեսիվ, անարդար քայլ կլինի։ Նրանք նաև եկել են եզրակացության, որ դա մարդու իրավունքների, խոսքի ազատության խախտում չէ»,- հավելել են գերատեսչությունում։
ԱՄՆ-ում 50-ամյա ավստրալացի Ջուլիան Ասանժին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի ապօրինի հրապարակման համար։ Նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Վերջին երեք տարվա ընթացքում Ասանժը պահվում էր Լոնդոնի Բելմարշ բանտում։