Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում երկարատև ընդմիջումից հետո հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականին Փարիզում։ Փելեշյանն այս նոր` «Բնություն» ֆիլմի վրա աշխատել է 15 տարի: Բացառիկ կադրերը համադրված են Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությամբ:
Ամերիկացի երգչուհի և գրող Փեթի Սմիթը այս պատկերները տեսնելուց հետո ասել է՝ «Դա կործանարար գեղեցիկ» է։ Ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կործանարար գեղեցիկ ֆիմը՝ «Բնություն»-ը, հայրենիքում է։ Ֆիլմի երկար սպասված հայաստանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում է՝ առանց տոմսերի։ Հավաքվել են վարպետի արվեստի երկրպագուները։
Հայկ Օրդյան (Ռեժիսոր) - Արտավազդ Փելեշյանն այսօր ապրող հայազգի և ոչ միայն, համաշխարհային կինեմատոգրաֆի այն հազվագյուտ հանճարներից է, որ այսօր ապրում և ստեղծագործում է։ Այն փաստը, որ այսօր կինոստեղծագործություն է մեզ ներկայացնում, արդեն իսկ խոսուն է։
Արայիկ Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Վարպետի բոլոր ֆիլմերում մի շատ խորը արմատ է նշմարվում՝ շատ խորը, հին դարերից եկող մի գիծ։ Այդ գիծը մեր հոգևոր մշակույթի մեջ կարելի է սահմանել «պանթեիզմ»՝ բնապաշտություն։
60 րոպե տևողությամբ «Բնություն» ֆիլմը գեղարվեստական ու վավերագրական է՝ ոչ միօրինակ մոտեցմամբ, առանց բառերի։ «Տարածական մոնտաժի» արքան կրկին անդրադարձել է բնությանը՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։
Փելեշյանը շարունակում է ուսումնասիրել մարդկային համակեցությունը շրջակա միջավայրի հետ։ Հանդիսատեսին հուզում ու սարսափեցնում են հրաբխային ժայթքումը, երկրաշարժը, ցունամին։ Ֆիլմն ընդունում է բնության գերազանցությունը, որը կարող է սաստել մարդկային ամեն փառասիրություն։
Ֆիլմը կյանքի է կոչվել ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի աջակցությամբ, շրջել է աշխարհում։ Համաշխարհային պրեմիերան Փարիզում էր։ Հանդիսատեսն այն բնորոշել է «վերերկրային, գերբնական, բոլոր ստանդարտները քանդող ֆիլմ»։
Արտավազդ Փելեշյան - Առաջարկեցին ինձ անել ֆիլմ բնության աղետների մասին։ Նրանք տեսել էին իմ ֆիլմը տիեզերքի մասին, որտեղ տեխնիկական կատաստրոֆաներ էին։ Ուզում էին նմանատիպ մի ֆիլմ։ Մենք արեցինք այդ ֆիմը, համաձայնվեցի, սկսեցինք աշխատել Փարիզում:
Փելեշյանը թեև հիշեցնում է, որ մարդուն չի հաջողվի հաղթանակած դուրս գալ իր իսկ ստեղծած խառնաշփոթից, բայց ֆիլմն ավարտում է արևով՝ հույս տալով, որ կուտակված ամպերը մի օր կբացվեն։
Հեղինակ` Անի Ավագյան