Առևանգել են տուժողին, պահել պահեստում, ապա հասկանալով, որ չեն կարողանում ստիպողաբար ստանալ իրենց ցանկալի գումարը, սպանել են նրան՝ մեքենան գլորելով ձորը:
Աղմկահարույց այս դեպքը տեղի էր ունեցել անցած տարվա մարտին: Նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատախազին:
Սպանության շարժառիթը, ենթադրյալ կատարողներն ու կազմակերպիչը հայտնի են:
Ենթադրյալ կազմակերպիչը տուժող 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի հետ ծանոթացել է 2018-ին, համաձայնության եկել ամսական 150 հազար դրամով վարձակալել նրան պատկանող պահեստային տարածքները:
Լևոն Լևոնյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Ժամանակի ընթացքում տեղեկանալով, որ տուժող Ժիրիկ Շաջանյանը զբաղվում է Պարսկաստանից Հայաստան տարբեր տեսակների ապրանքների ներկրմամբ և վաճառքով, և տեղեկանալով, որ նա տիրապետում է որոշակի ֆինանսական միջոցների, ծրագրել է առևանգել տուժողին, պահել մեկ այլ վայրում և նրանից, ինչպես նաև նրա հարազատներից պահանջել առանձնապես խոշոր չափերի գումար, խոսքը գնում է 500 հազար դոլարի մասին:
Իր ծրագրերի մասին հայտնել է երկու ընկերներին և դերաբաշխել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները՝ հավելում է քննիչը:
Լևոն Լևոնյան - Մի անձը տուժողի պահեստ մուտք գործելուց հետո պետք է մուտք գործեր վերջինիս պահեստային տարածք, բռնություն գործադրելով կոտրեր տուժողի դիմադրությունը, կապեր նրա բերանը և ձեռքերը, որից հետո վերջինիս տեղափոխեր իր իսկ ավտոմեքենայի մեջ և, ավտոմեքենան վարելով, գնար դեպի Արարատի մայրուղու հատված, որտեղ կազմակերպիչը և մյուս անձը պետք է նույնպես միանային իրենց և որոշեին, թե որտեղ են պահելու տուժողին:
Մյուսն էլ պետք է տվյալ ժամանակ գտնվեր պահեստային տարածքի դրսի հատվածում և հետևեր, որպեսզի որևէ անձ չմոտենա պահեստային տարածքին: Մինչև այդ, կազմակերպչի ցուցումով օժանդակողը ձեռք է բերում կպչուն ժապավեններ, բժշկական դիմակներ, ձեռնոցներ:
Լևոն Լևոնյան - Դեպքի օրը՝ 2021 թվականի մարտի 29-ին, երբ տուժողը մուտք է գործում նշված պահեստային տարածք, իրենց այս պայմանավորվածությունը վերջիններս իրականացնում են:
Ենթադրյալ կատարողը տուժողի հետ շարժվում է Քյարքիի ուղղությամբ, սակայն հասկանալով, որ չի կարողանում նրանից ստանալ ակնկալվող գումարը, և մտավախություն ունենալով, որ հետագայում տուժողը կարող է իրենց հանցագործության մասին տեղեկացնել իրավապահներին, որոշել է կյանքից զրկել նրան՝ պատմում է քննիչ Լևոնյանը:
Լևոն Լևոնյան - Սպանությունը քողարկելու և դժբախտ պատահարի տպավորություն ստեղծելու նպատակով թույլ է տվել, որպեսզի տուժողը հեռախոսի բարձրախոսով զրուցի իր կնոջ հետ, վերջինիս հայտնի, որ գտնվում է Եղեգնաձորում, որից հետո արձակելով տուժողի ձեռքերին, ոտքերին ամրացված կպչուն ժապավենները, հարվածել է տուժողին, անգիտակից վիճակի հասցրել վերջինիս, որից հետո ավտոմեքենայի ղեկը թեքելով դեպի ձոր ուղղությամբ, փոխանցման տուփը դնելով չեզոք դիրքի վրա, ավտոմեքենան հրել և գլորել է ձորը՝ այդկերպ սպանելով ավտոմեքենայի մեջ գտնվող տուժող Ժիրիկ Շաջանյանին:
Քննիչը նշում է՝ գործը բարդ էր, քանի որ մեղադրյալները փորձել էին իրենց գործողությունները այնպես կատարել, որպեսզի հետագայում չբացահայտվեին: Սակայն փաստական տվյալների ճնշման ներքո խմբի անդամներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել: Այս գործով մեղադրյալները 5-ն են, կալանավորված են 2-ը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան