ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական տիկին Քերըն Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ծանոթացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Տիկին Քերըն Դոնֆրիդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: