Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի այս տարվա կանխատեսումը. մարտին սպասվող 3,5-ի փոխարեն հիմա արդեն 2,9% աճ է ակնկալվում: Զգալիորեն վերանայվել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ 4,8-ից մինչև 3,7%, ԱՄՆ-ում նախկին 3.5-ի փոխարեն ակնկալվում է, որ տնտեսությունը կաճի 2,9%-ով, իսկ եվրագոտու երկրներում՝ 2,6%՝ նախկին՝ 3-ի փոխարեն:
Նարեկ Զաքարյան (Ֆինանսիստ) - Հիմա աշխարհը հասել է իր տնտեսական զարգացման շրջափուլի ավարտին, այսինքն՝ սկսում է ավելի անկման փուլը, որովհետև նախորդ 10-11 տարիներին ունեինք կտրուկ տնտեսական աճ, և էդ հենց հիմնական աճը, խթանը գալիս էին հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Իսկ հիմա ունենք բավականին անորոշ իրավիճակ՝ կապված գնաճի հետ, քանի որ գնաճը արդեն վաղուց գերազանցում է թույլատրելի շեմը:
Ըստ կառույցի՝ գլոբալ գնաճային ճնշումը շարունակում է ուժեղանալ՝ ավելի անբարենպաստ ազդեցություն ունենալով տնտեսական աճի հեռանկարի վրա: Չինաստանում վերջին լոքդաուններն ավելացնում են ճնշումը համաշխարհային արտադրական մատակարարումների շղթաների վրա: Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների պատճառով էլ էներգակիրների և պարենային մատակարարումների ընդհատումները սպասվածից ավելի էական ազդեցություն ունեն եվրոպական գնաճի վրա:
Նարեկ Զաքարյան - Երբ գնաճը զսպելու համար կենտրոնական բանկերը սկսում են տոկոսադրույքները բարձրացնել, սա իր հերթին առաջացնում է հենց հակառակ էֆեկտը, այսինքն՝ թե՛ սպառողներն են սկսում ավելի քիչ վարկեր վերցնել, թե՛ իրենց ունեցած վարկային բեռն ա դառնում ավելի դժվար իրենց համար սպասարկելու, թե՛ բիզնեսներն են ավելի քիչ ներդրումներ կատարում, քանի որ ավելի քիչ հնարավորություն ունեն վարկերով ֆինանսավորելու իրենց բիզնեսները:
Մասնագետների կարծիքով՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսական անկում է սպասվում, «Ֆիթչի» կանխատեսումները նույնիսկ լավատեսական են: Իսկ զարգացող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ճգնաժամը դեռ չի հասել:
Նարեկ Զաքարյան - Սովորաբար ավելի ուշ է հասնում էս տնտեսական դժվարությունների ալիքը մեծ երկրներից դեպի ավելի փոքր երկրներ, ու հենց հիմնական ծանր տնտեսական ռեցեսիայի ալիքը սպասվում է 23 թվականին՝ հենց ԱՄՆ-ում, կարծում եմ՝ այդ ժամանակ նոր կամ դրանից հետո Հայաստանում կզգացվեն որոշակի դժվարություններ:
Fitch-ը նաև նվազեցրել է, 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումն է վերանայել՝ 2,7%՝ նախկին 2,8-ի փոխարեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան