Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ է հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող թեմաներ:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներում առկա զարգացումները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020 թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։