Եվրամիություն նոր անդամների մուտքի դեպքում կպահանջվի կառույցի խոր բարեփոխում։ Այդ անհրաժեշտությունը մատնանշել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե շատանանք, չենք կարողանա աշխատել ներկա ռեժիմով»,- ասել է եվրահանձնակատարը։ Նրա խոսքով՝ Միությունը պետք է փոխի առանցքային որոշումների կայացման կանոնները, որոնք ներկայումս պահանջում են անդամ բոլոր 27 երկրի միաձայնությունը։
Միաժամանակ, ըստ Ռեյնդերսի, անհրաժեշտ է վերանայել եվրահանձնակատարների նշանակման կարգը և, հնարավոր է, կրճատել նրանց թիվը։ Նա հավելել է, որ Միությանը միանալու թեկնածու երկրները շատ անելիքներ ունեն օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Հարցի վերաբերյալ որոշում ԵՄ ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ը՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։