Հուլիսի 1-ից Երևանի պետական և մասնավոր հիվանդանոցներում, կրթական, պետական հաստատություններում բոլոր վճարումները անկանխիկ կլինեն: Այս քայլով պետությունը դրամաշրջանառությունն ավելի արդյունավետ կազմակերպելու, այն ավելի թափանցիկ դարձնելու նպատակ ունի:
Գարեգին Գևորգյան (ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն) - Քաղաքացու հոսքերը տեսանելի են դառնում, և քաղաքացին ավելի լայն հնարավորություններ է ստանում օգտվել տարբեր տեսակի ծառայություններից, երկրորդ հերթին երկարաժամկետ կտրվածքով այդ շերտը ապահովելով՝ մենք հնարավորություն ենք ստանում էլեկտրոնային տնտեսություն և քաղաքացիները հնարավորություն են ստանում լինել ավելի արտադրողական և ստեղծել ավելի մեծ արժեք անկանխիկ տիրույթում:
Կենտրոնական բանկից նշում են՝ օրենքը միտված չէ վերահսկելու մարդկանց ֆինանսական հոսքերը: Ըստ Գարեգին Գևորգյանի՝ այս քայլով պետությունն առաջին հերթին ցանկանում է բարձրացնել ֆինանսական կարգապահության մակարդակը:
Գարեգին Գևորգյան - Այն ոլորտներում, որտեղ պետությունն էական ներգրավվածություն ունի՝ կրթական համակարգ, տեղական ինքնակառավարում, առողջապահություն, որովհետև պետպատվերը բավականին մեծ մաս է կազմում, և թափանցիկության անհրաժեշտություն կա, և պետությունը հաշվետու է հարկ վճարողի առջև, թե ինչ է արել, դրա համար առաջին քայլով կարգապահությունը դրվում է պետության հետ առնչվող գործարքների վրա:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անկանխիկ գործարքները տարեցտարի աճում են. միայն 2021-ին առողջապահական ծառայությունների համար անկանխիկ վճարել է հաճախորդների մոտ 18 տոկոսը:
Հասմիկ Հանեսյան (ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր հաշվապահ) - Մենք մինչև այժմ ունենք 3 տերմինալ, որով անկանխիկ գործարքները կատարում էինք, ունենք նաև POS-տերմինալ, որոնք քարտային սիստեմով են, այսինքն՝ մենք մի փոքր առաջ էինք փոքր ընկերություններից, պլյուս՝ մեր ծանրաբեռնվածությունը՝ փողը չենք վերցնի, այսինքն՝ կանխիկ դրամ չենք ունենա, կպակասի ինկասացիայի հարցը, որը ծախսային առումով մեր վրա դժվարություն էր:
Հիվանդանոցի գլխավոր հաշվապահը կարծում է, որ նոր փոփոխությունները սկզբնական շրջանում գուցե նաև ծրագրային դժվարություններ, իսկ պացիենտների համար՝ որոշ անհարմարություններ առաջացնեն: Հասմիկ Հանեսյանը ներկայացնում է նաև դրական փոփոխությունները:
Հասմիկ Հանեսյան - Միայն պացիենտի գումարը մենք էինք հաշվառում, աշխատավարձն էլ, բժիշկն ուղղակի տեղեկանում էր, թե ինչքան աշխատավարձ ա ստանում եղած գումարից, իսկ հիմա՝ նոր ծրագրով, կտեսնի նաև՝ ինչքան կանխիկ հոսք ա եղել, և էդ ամբողջը ինքը կտեսնի, թե մոտավորապես ինչքան աշխատավարձ կստանա:
Այժմ բժշկական ծառայությունների համար անկանխիկ վճարելիս պացիենտը նաև միջնորդավճար է տալիս: Նոր փոփոխություններով՝ հուլիսի 1-ից այդ հարցն էլ կկարգավորվի, և ծառայությունների իրացման շրջանառության 1 տոկոսն արդեն կվճարի տվյալ կառույցը: Բարեփոխումների ծրագրով՝ անկանխիկ գործարքները 2023-ի հուլիսի 1-ից պարտադիր կլինեն նաև մարզկենտրոններում, 2024-ի հուլիսի 1-ից՝ հանրապետության ամբողջ տարածքում: