Կառավարությունն ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց հանդեպ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին:
Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:
Բացի դրանից՝ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:
Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ:
Արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ:
Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: