ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակն ու աշխարհում անվտանգության գլոբալ մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների օրակարգային կարևոր հարցերից են:
Երևան ժամանած պաշտոնյաները կլոր սեղանի շուրջ նստեցին նախ նեղ կազմով, փակ նիստը տևեց ժամից ավելի: Տարածաշրջանը դեռևս լի է մարտահրավերներով, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններով ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով՝ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի վերջին խախտումը: Դա մայիսի 28-ին էր, շարքային Վարդանյանի կյանքը փրկել չհաջողվեց:
ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Ներկայացրելով Հայաստանի տեսակետները ու մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ՝ Գրիգորյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին: Հակամարտությունը դեռևս լուծված չէ, և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ դիմելով գործընկերներին՝ շեշտեց հայ պաշտոնյան: Անդրադառանալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նա նկատեց՝ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը: ԱԽ քարտուղարը նորից վերահաստատեց՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի Հայաստանի տարածքում գոյություն ունենալ չի կարող, միջանցքի մասին որևէ հիշատակում չկա նաև Փաշինյանի-Պուտինի-Ալիևի՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ. ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Փակ հատվածից հետո կողմերն արդեն ընդլայնված կազմով նիստ գումարեցին: Պատվիրակությունների ստորագրմանը ներկայացվեց 6 փաստաթուղթ: Երբ բոլոր՝ 6 անդամների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարների ստորագրությունն արդեն դրված էր, աշխատանքներն ամփոփեցին նախագահողն ու կազմակերպության գլխավոր քարտուղարը: Հոբելյանական տարում, երբ նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը և ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակը, աշխարհում մարտահրավերներն աճում են՝ ընդգծեց Արմեն Գրիգորյանը՝ մամուլի համար հայտարարության ժամանակ:
Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) - Նիստն անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը:
ՀԱՊԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Կազմակերպությունը պատրաստ է իր շահերի պաշտպանությանը՝ հայտարարեց Ստանիսլավ Զասը՝ նշելով՝ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները անդամների խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով: Գլխավոր քարտուղարի բնորոշմամբ՝ միջազգային անվտանգության համակարգն այսօր ճգնաժամային իրավիճակում է:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարուղար) - Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները փաստացի դադարում են գործել, իսկ անվստահության մակարդակը մի շարք առաջատար խաղացողների միջև մոտենում է կրիտիկական նշագծին: Ընդ որում՝ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության հետևանքով սրման միտումներ են ցույց տալիս:
ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, բելառուսցի քարտուղարի խոսքով, մնում է նույնը՝ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունն այդ կոչով դիմում է բոլոր ուժերին՝ ասաց Ստանիսլավ Զասը: Նա կարևորեց մարտահրավերների դիմագրավման գլխավոր գործիքներից մեկը՝ հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կարողությունների զարգացումը, նաև հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը: Զասն անդրադարձավ նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցին, որն, ըստ նրա, Հայաստանի նախագահության առաջանհերթություններից է, ասաց՝ այժմ պատրաստում են ու աշնանային նստաշրջանում կներկայացնեն նոր փաթեթը:
Այսօրվա նիստի արդյունքով, ըստ կողմերի, մշտական կարգավիճակ է տրվելու վարձկան օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը, հակաահաբեկչական միջոցառումների ծրագիրը ներկայացվելու է երկրների ղեկավարների հավանությանը։