ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է հանդիսանում երկու երկրների հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:
Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ սա ևս մեկ լավ առիթ է առնչվելու հայկական մշակույթին և ավանդույթներին։
Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը և Դուշամբեի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։