Մոսկվան չի կրճատել Սիրիայում իր խմբավորման թիվը Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով՝ հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Մարտի սկզբին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Սիրիայից Ուկրաինա ռուսական զորքերի տեղափոխման մասին, սակայն ռուս պաշտոնյաները չհաստատեցին այս տեղեկությունը։
«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ թվաքանակի նվազում տեղի չի ունեցել, և այնտեղ տեղակայված տեխնիկան, հակաօդային պաշտպանության համալիրները, ավիացիան մնացել են նույն ծավալով»,- ընդգծել է պաշտոնյան։
Լավրենտևը նաև նշել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մինչև օգոստոսի վերջը գագաթնաժողով կանցկացնեն՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված: Դիվանագետը, սակայն, չի բացառել, որ հանդիպումը կարող է հետաձգվել: Երեք պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել Իրանում, հետաձգվել է կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով՝ հայտնում է լրատվամիջոցը։
Իրանի արտգործնախարարի օգնական Ալի Ասղար Հաջին, սակայն, վստահեցրել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս գագաթնաժողով կազմակերպել։