Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը առաջին անգամ կանցկացվի STARMUS համաշխարհային փառատոնը: Հայաստանը կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի, երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով հանրահայտ դեմքերի ու գիտնականների: Փառատոնի անցկացման համար կառավարությունը հատկացրել է մոտ 2 մլն եվրո:
Գարիկ Իսրայելյան (STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս) - «Սթարմուս»-ը Հայաստան բերելը մի տեսակ էքսպերիմենտ է եղել, մեր հոգաբարձուների խորհուրդը հարցականով էր նայում: Գիտեինք, որ Կառավարությունը մեզ շատ լավ ընդունում է, բայց չգիտեինք` ինչպես կընդունեն մեդիան, բիզնեսը, արդեն գիտենք՝ ինչպես կլինի, սեպտեմբերին ավելի լավ կերևա:
Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ ներկայացվեց Հայաստանում սպասվող համաշխարհային փառատոնի ծրագիրը: Մարզահամերգային համալիրի տարածքում կանցկացվի «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը՝ մոտ 7000 մասնակցով։
Տեղի կունենա Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որն աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման համար տրվող «Օսկար»։ Կլինի կլոր սեղան-քննարկում Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ: Աշխարհահռչակ հյուրերի ներկայությամբ սթար-փարթին նախատեսված է Գառնիում:
Գարիկ Իսրայելյան - Գիտության ճամբար՝ Science Camp, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։ Ակնկալվում է շուրջ 100 000 այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ՝ ՀՀ մարզերից և Արցախից։
Տիեզերական տեխնոլոգիաներ՝ Space Technologies երկօրյա կոնֆերանսը կներգրավի համաշխարհային ճանաչման 20 խոսնակի։ Նախատեսված է ծրագիր՝ հայաստանյան բուհերի մասնակցությամբ: Փառատոնի խորագիրն է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա»` նվիրված Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Գարիկ Իսրայելյան - Ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն, մատչելի գին՝ 25 000 ՀՀ դրամ, ուսանողների համար այն կզեղչվի և կդառնա 20 000 ՀՀ դրամ:
Արցախից փառատոնին կմասնակցի մոտ 100 երեխա և պատանի: Գարիկ Իսրայելյանը հեռավար հյուրընկալեց STARMUS խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին, Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին, երաժիշտ Դերեկ Շերինյանին: Ուղերձ հղեցին Քուին Ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը և Սերժ Թանկյանը:
Փառատոնն անցկացվում է 2011-ից, տեսլականն է՝ մեկտեղել գիտությունն ու արվեստը, երիտասարդներին ոգեշնչել հայտնագործությունների։