ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք, որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները, իսկ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն` հանելով վերը նշված կոչումներրի կրծքանշանների և վկայականների նկարագրությունները և նմուշները:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նշված պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես․ որևէ արվեստագետի, մշակույթի գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ:
Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից: Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը:
Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը: Փորձը ցույց է տալիս, որ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ:
Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում: Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր:
Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են: «Արվեստի վաստակավոր գործիչ» և «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:
Օրենքի նախագծի քննարկումը իրավական ակտերի e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 30-ը: Հավելենք, որ ընդունվելու դեպքում նախագծով առաջարկվող նոր կարգավորումը կտարածվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա և չի վերաբերի մինչ այդ տրված կոչումներին: