Ավտոմատ կարգավորմամբ՝ հիվանդի գլխի կամ ոտքերի տեղը բարձրացնող-իջեցնող բժշկական այս մահճակալը, տեղական-հայկական է։ Արտադրում են Ալյանս ազատ տնտեսական գոտում։ Հպարտանում՝ մեր կլինիկաներին մոտ 2000 հատ արդեն մատակարարել են:
Ալինա Սահակյան («Արիդես» ընկերության տնօրեն) - էլեկտրական մահճակալները դեռևս վաճառվում են հայկական ու վրացական շուկայում, շուտով կստանանք ռուսական շուկայի համար անհրաժեշտ փաստաթղթերը և կկարողանանք վաճառել այնտեղ:
Ռուսական շուկա այս փուլում ուղարկում են մահճակալների մեխանիկական մոդելը։ Արիդես ընկերությունը դրանք ամբողջությամբ, ընդհուպ մետաղական մասերի, ձևում-ներկում, տեղում է արտադրում։ Հայկական ապրանքը վաճառքի է դուրս գալիս «Բարի» ապրանքանիշով։
Արթուր Արթենյան («Արիդես» ընկերության աշխատակից) - Սա մեխանիկական է, աշխատում է բռնիչով, իսկ էլեկտրականը շարժիչով է, վահանակով է:
Արտադրամասում միաժամանակ նաև սանիտարական աթոռ-զուգարաններ էին մի կողմից հավաքում, մյուսից՝ փաթեթավորում, հերթական խմբաքանակ բեռը պատրաստում արտահանման։
Հռիփսիմե Սահակյան («Արիդես» ընկերության աշխատակից) - Սա ռուսական պատվեր է, ուղարկելու ենք Ռուսաստանի Դաշնություն:
Ընկերության տեխնիկական վերջին համալրումը այս հզոր, թերմոպլաստ երկու հաստոցներն են: Ձեռք են բերել քովիդի փուլում պետության կողմից բիզնեսին առաջարկվող սուբսիդավորվող վարկով։ Սարքերը թույլ են տալիս ցանկացած ձևով ու չափով տեղում վերջնական դետալներ ստանալ պլաստիկի հումքից։
Վահագն Ղափլանյան («Արիդես» ընկերության պլաստիկե արտադրամասի ղեկավար) - Այս հաստոցների շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել մեր ընկերությանն անհրաժեշտ պլաստիկե դետալների արտադրությունը:
«Արիդեսն» առաջիկայում կսկսի 8 տեսակի նոր սանիտարական հարմարանքների արտադրություն։ Ամբողջը ընկերության նախագծող թիմի մշակումներն են. քայլակ-հենակ-աթոռ՝ ինչ տեսնում եք, ասում են՝ և՛ մեր շուկայում է վաճառվում, և՛ արտահանման գնում։
Բժշկական պարագաները, պարզվում է, այս ձեռնարկության տեսականու մի մասն են միայն։ Տնօրենը կատակում է՝ չլիներ կորոնա-համաճարակը, մտքներով գուցե չանցներ, որ Հայաստանում կարող են սատուրացիան՝ արյան մեջ թթվածնի հագեցվածությունը չափող սարքեր արտադրել։
Էլեկտրոնիկայի իրենց այցեքարտը, սակայն, ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի մասշտաբով բացառիկ մի քանի տիպի ալկոթեստերների արտադրությունն է։ Հայկական այս տեսականին մինչև իսկ Իտալիա, Բելգիա, Բուլղարիա է արտահանվում, տնօրենն ասում է՝ այնտեղ, ուր խմածության համար պատիժն այնքան խիստ է, վարորդներն անձնական սարք են պահում, որ երեկոյան խնջույքից հետո առավոտյան սթափության աստիճան ստուգեն, նոր նստեն ղեկին։
Ալինա Սահակյան - Նմանօրինակ սարքերի հիմնական շուկան Ռուսաստանն է՝ չնայած մեծ քանակի արտահանում ունենք նաև Բելառուս, Ղազախստան, ինչպես նաև Եվրոպական երկրներ:
Ըստ Ալինա Սահակյանի՝ իրենց արտահանումներն էլ դոլարի-ռուբլու փոխարժեքի, նաև տրանպորտային ծախսերի ավելացման պատճառով դժվարացել են, բայց.
Ալինա Սահակյան - Որոշակի գնային քաղաքականություն կամ արտարժութային կամ վճարման պայմաններ փոխելով՝ փորձեցինք դիմակայել մարտահրավերներին: Այս պահին կայուն ենք, շուկայի խնդիր չունենք:
Նաև թեստի մեկանգամյա օգտագործման մուշտուկներն են արտադրում, սարքերի սպասարկում խոստանում։ Սարքերն այսպես՝ փաթեթավորելուց առաջ փորձարկում են, սպիրտի 3 տարբեր տոկոսայնությամբ պատրաստված լուծույթներով ստուգում՝ մոնիտորի ցուցանիշը հեղուկի լաբորատոր թվից հո շեղում չունի՞։ Վերջում մի դուբլ էլ՝ նկարահանման համար: