Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը պետության զարգացման առաջնային նախադրյալներից է՝ արձանագրում են Հայաստանի և Շվեդիայի իրավական համակարգի ներկայացուցիչները: Այսօր մեկնարկեց Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով երկկողմանի համագործակցության» ծրագիրը: Հայաստանում Շվեդիայի դեսպանն ուրախությամբ փաստեց, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է դատա-իրավական համակարգի հեղինակության բարձրացմանը:
Պատրիկ Սվենսոն (ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) - Ծրագրի նպատակը հանրային վստահության բարձրացումն է դատարանների նկատմամբ՝ կենտրոնում ունենալով դատական արհեստը: Իհարկե, ժողովրդավարական հիմնական իրավունքներն իրականացվում են, ապահովվում է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը, սակայն դրանք նաև պետք է համապատասխանեն մասնագիտական, բարեվարքության բարձր չափանիշներին և՛ դատական նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս: Դատաիրավական համակարգը պետք է ծառայի մարդկանց:
Դատական իշխանության ներկայացուցիչները կվերապատրատվեն, ինչը կնպաստի դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը: Ծրագրի առանցքում է դատավորների ու լրատվամիջոցների ակտիվ համագործակցությունը, որ որոշումների, վճիռների հրապարակումից հետո դատական իշխանության ներկայացուցիչները լրատվամիջոցներին մատչելի բացատրեն դատական ակտի իրավական հիմքերը: Հայաստանի և Շվեդիայի դատական համակարգերի միջև փորձի փոխանակումն արդյունավետ ազդեցություն կունենա իրավական համակարգերի կատարելագործման ու զարգացման գործում՝ հույս հայտնեց Գագիկ Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյան (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար) - Գաղտնիք չէ, որ այսօր դատական իշխանության առջև ծառացած մի շարք խնդիրներ կան, և դրանք հաղթահարելու ուղղությամբ ԲԴԽ-ն բավականին մեծ ջանքեր է գործադրում: Դատարաններն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, սակայն դրան զուգահեռ՝ միակողմանի և թերի տեղեկատվության հետևանքով ստվերվում է այն ահռելի ու ծանր պատասխանատու աշխատանքը, որն այսօր կատարում են դատարանները և դատավորները: Արդյունքում տուժում են բարեխիղճ աշխատանքը և վարկանիշը:
Հայաստանի կառավարությունը կարևորում է դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում դատաիրավական համակարգը բարելավելու համար՝ բարձրացվում է դատավորների աշխատավարձը, դատավորների թիվն է ավելացվում՝ դատարանները բեռնաթափելու համար:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Մեր բարեփոխումների ամբողջ ընթացքում պետք է շատ զգուշորեն գործենք, որպեսզի ոչ մի փոփոխություն հանկարծ չընկալվի որպես միջամտություն կամ ներգործություն, որի նպատակն այլ է, քան բարեփոխումը:
Անդրադառնալով իրենց ունեցած փորձին՝ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի Միջազգային կապերի բաժնի ղեկավարը նշեց՝ վերջին տասնամյակներում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձացման նպատակով անցել են մի շարք բարեփոխումների շղթայով, և աշխատանքներն առ այսօր շարունակվում են:
Յոնաս Հոգստրոմ (Սվիա վերաքննիչ դատարանի դատավոր) - Դատարանների նկատմամբ ցածր վստահությունը նաև բացասաբար է ազդում երկրի ներդրումային համակարգի վրա, քանի որ շատ ավելի բարդ է լինում ներդրումներ ներգավել, ավելի բարդ է լինում ունենալ ներպետական կազմակերպություններ, որոնք կզարգացնեն բիզնեսը:
Անի Օհանյան