ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհուրդների քարտուղարների երբևէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։
Ա. Գրիգորյանը նաև հավելել է, որ սա ևս մեկ վառ ապացույց է երկկողմ փոխշահավետ համագործակցային հարաբերությունները զարգացնելու համար, ինչը ներառում է ոչ միայն բազմակողմ, այլ նաև երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:
Ղրղզստանի ԱԽ քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարից ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ղրղզական հարաբերությունները գրանցում են կայուն զարգացման միտում՝ մասնավորապես, ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Հանդիպման ավարտին Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով հրավիրել է Արմեն Գրիգոյանին Ղրղզական Հանրապետություն։