Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։
Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։
Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։
Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին և հույս հայտնել, որ կողմերի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։
Վոբկե Հոկստրան, իր հերթին, բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը: Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի։
Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձևերի ընդունումը:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: