Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 338 միլիոն 100 հազար դրամ, որը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը:
«Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ նրանց համար դառնալով բարձր նվաճումների խթան»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց գնահատման սանդղակը:
«Խոսքը տիտղոսակիր մարզիկների մասին է: Այս կարգը կգործի այնքան ժամանակ, քանի մարզիկը պահպանել է տիտղոսը:
Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար առանձին կարգ ունենք, և այդ կարգը գործում է: Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ:
Օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ:
Աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը: