ԱԺ 107 պատգամավորից 41-ը մայիսի աշխատավարձը պակաս է ստացել: Պահումներն արվել են լիագումարից ու հանձնաժողովի նիստերից բացակայելու համար:
Սկսենք նախագահությունից. այստեղ բացակայողների ցուցակում ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի անունն է: Լիագումար նիստերից նա 6 անգամ է բացակայել, աշխատավարձից պահվել է 264 560 դրամ: Քանի որ Աժ ընդդիմադիր փոխնախագահը չի անդամակցում որևէ հանձնաժողովի, այդ դաշտում նա բացականեր չունի: Կանոնակարգն է սահմանում, որ խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները, նաև խմբակցության ղեկավարները, ըստ ցանկության, կարող են չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում:
Հանձնաժողովների կազմում չկան, բայց լիագումարներից բացակայել են նաև «Հայաստան»-ի ու «Պատիվ ունեմ»-ի ղեկավարները: Արթուր Վանեցյանը 6 բացակա ունի, նրա աշխատավարձից 188 971 դրամ է պահվել, Սեյրան Օհանյանն էլ 5 նիստի չի ներկայացել, պահումը կազմել է՝ 157 476 դրամ:
Ընդդիմադիր խմբակցությունները երկու հանձնաժողով են գլխավորում: Տնտեսական հարցերինը Վահե Հակոբյանի նախագահությամբ է, նա մեկ նիստ է բաց թողել, պահումը 37 794 դրամ է եղել, ևս 188 971 դրամ էլ պակաս է ստացել 5 անգամ լիագումարներից բացակայելու համար:
Արմեն Գևորգյանը իր գլխավորած՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից բացակա չունի, փոխարենը 4 բացակա ունի լիագումարից, պահումը 151 177 դրամ է եղել:
Մայիսին ամենաշատ անհարգելի բացակայածներն են «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը, «Հայաստան»-ից՝ Արթուր Ղազինյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը: Նրանք 5-ական նիստ լիագումարից են բացթողել, 5-ական էլ՝ հանձնաժողովներից, արդյունքում յուրաքանչյուրից պահվել է 314 952 դրամ: Արթուր Խաչատրյանն էլ 9 բացակա ունի՝ 6 լիագումարից, 3-ը հանձնաժողովից, նրանից 297 630 դրամ է պահվել:
165 350 դրամ էլ «Պատիվ ունեմ»ի քարտուղար Հայկ Մամիջանյանն է պակաս վճարվել, նա լիագումարից 5 բացակա ունի: 5-ական բացակայությունների համար էլ 157 476 դրամ պահում է արվել Արմեն Չարչյանի, Քրիստինե Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Անդրանիկ Թևանյանի, Զեմֆիրա Միրզոևայի, Ագնեսա Խամոյանի, Ասպրամ Կրպեյանի, Արեգնազ Մանուկյանի մայիսյան աշխատավարձերից:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 5 բացակա ունի լիագումարից, 3՝ հանձնաժողովի նիստից, նրա աշխատավարձից պահվել է 251 962 դրամ: Թադևոս Ավեստիսյանը մայիսին պակաս է վճարվել 198 420 դրամով` 5 լիագումարից ու 1 հանձնաժողովային նիստից բացակայելու համար:
5-ական լիագումարից, 2-ական էլ հանձնաժողովի նիստերից բացակայել են Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը: Արդյունքում պակաս են վճարվել 220 466 դրամով:
Ընդդիմադիրներից Հռիփսիմե Ստամբուլյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Մխիթար Զաքարյանն ու Ելենա Կիրակոսյանը 5-ական լիագումարի ու մեկ հանձնաժողովի նիստ են բաց թողել, յուրաքանչյուրը պակաս է վճարվել 188 971 դրամով:
4 անհարգելի բացակա հիմնական ու 3 էլ հանձնաժողովի նիստից Արմենուհի Կյուրեղյանն ունի, նրա աշխատավարձից պահվել է 220 467 դրամ: Տարոն Մարգարյանի, Արթուր Սարգսյանի, Աշոտ Սիմոնյանի մայիսի աշխատավարձերից էլ 188 972-ական դրամ է պահվել` 3-ական հանձնաժողովների, 3-ական էլ լիագումարներից բացակայելու համար:
Արդյունքում ստացվում է, որ ընդդիմադիրների մեջ միակը «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն է, ում անունը մայիսյան պահումների ցուցակում չկա:
Մեծամասնության շարքում էլ կան պատգամավորներ, որոնք անհարգելի բացականեր են ունեցել: ՔՊ-ից Մարիա Կարապետյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը, Ալեքսեյ Սանդիկովը լիագումարի մեկական նիստ են բաց թողել, չեն վճարվել 31 495 դրամով: Նույնքան էլ Դավիթ Դանիելյանը, բայց` հանձնաժողովի մեկ նիստի չներկայանալու համար: Լիագումարի 1 նիստ էլ բաց թողնելու համար 33 070 դրամ չի վճարվել Արեն Մկրտչյանը:
7 ամիս առաջ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած ու այժմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն էլ չի վճարվել 94 485 դրամ՝ 1 լիագումարի ու երկու հանձնաժողովի նիստի չմասնակցելու համար: