Առավոտյան հանդիպեցի հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Զրուցեցինք առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին:
Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:
Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին»,- գրել է Ավանեսյանը: