Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը:
«Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է, թե ինչպես են համահայկական մասնակցությամբ ու սատարմամբ Արցախում կենսական ծրագրեր իրականացվում: Արցախի կառավարությունը պատրաստ է ամենալայն համագործակցության՝ ապահովագրելու հայ զինծառայողների կյանքն ու առողջությունը՝ նրանց ընտանիքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունը դարձնելով ավելի ու ավելի արդյունավետ ու թափանցիկ: Մենք շնորհակալ ենք Հիմնադրամին կատարված մեծածավալ բարոյական ու սոցիալական աշխատանքների համար և պատրաստ ենք ձեզ հետ ձեռք-ձեռքի իրականացնել շահառու անձանց ու ընտանիքների երկարաժամկետ զարգացման ծրագրեր»,- իր խոսքում մասնավորապես նշել է Արտակ Բեգլարյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը պատվիրակության այցը համարել է համագործակցային ու արդյունավետ՝ միտված հիմնադրամի ծրագրերի հետագա զարգացմանը:
«Մեր այցի առաջնային նպատակներից են թե՛ կառավարության հետ քննարկումները և թե՛ մեր շահառուների հետ հանդիպելը, նրանց կարիքների գնահատումը: Զինծառայողներին մեր բոլորի հոգածության կենտրոնում պահելը բարոյական առումով շատ կարևոր է առաջնահերթորեն ազգային համախմբման տեսանկյունից»,- ասել է Կարինե Սարգսյանը:
Երկուստեք ընդգծվել է, որ շահառու անձանց ու ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ, և զարգացման ծրագրերի անհրաժեշտություն կա՝ կրթության, զբաղվածության, հոգեբանական աջակցության, ժամանցի և այլ կարիքահեն ծառայությունների ապահովման տեսքով:
Հանդիպմանը մասնակցել են նաև սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: