268.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Գործադիրը 268,5 միլիոն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Նախարար Սանոսյանի զեկուցմամբ՝ 18 բնակավայրում ավարտվել է 20 ծրագրի իրականացումը, և միջոցներն անհրաժեշտ են շինարարներին վճարելու համար: Նշեց՝ հունվարից 229 ծրագրի համար 5.6 մլրդ դրամ է տրամադրվել:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ընդհանուր՝ այս տարի հունիսի 17-ի դրությամբ 249 ծրագիր ավարտում ենք և 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար:
Նախարարի խոսքով՝ 2022-ի 461 հայտից 319-ը քննարկվել է, մերժվել է միայն երկուսը: Հաստատվել է 30 մլրդ դրամից ավելի ծրագիր:
Վարչապետը թվարկեց՝ այսօր հատկացված գումարով որտեղ ինչ աշխատանք է կատարվել, անդրադարձավ նախորդ շաբաթ Արարատ կատարած այցին: Մարզում ընթացքում են մեծածավալ սուբվենցիոն ծրագրեր:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ինչ տեսանք՝ ուրախալի էր. աշխատանքը պատշաճ որակով է իրականացվում: Դրական տպավորություններով և լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից և պլանավորում ենք բոլոր մարզեր նման այցեր կատարել, ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերին: Գյուղերում ճանապարհների բարեկարգումը ընդհանուր մթնոլորտի վրա է ազդում, մեծացել է ըմբռնումը:
Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց սուբվենցիայով կաթիլային ոռոգման համար ջրային ավազանների կառուցումը, որը տեխնոլոգիական կարևոր համակարգ է: Վարչապետն առաջարկեց քննարկել կաթիլային ոռոգման անցնելիս ջրի վարձը 5 տարի չվճարելու՝ սահմանված վերին սահմանաչափը բարձրացնելու հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյան - Ճիշտ է՝ մենք ուզում ենք, որ փոքր տնտեսություններին աջակցենք, բայց նաև պետք է արձանագրել, և մենք նախկինում մի քանի ծրագրից իմացանք, որ մեծ տնտեսությունները կարևոր լոկոմոտիվային ուժ ունեն, և երբեմն կարող է, որ մեծ տնտեսություններ լինեն, նրանց աջակցենք, իրենք էլ, իրենց հերթին, փոքր տնտեսություններին աջակցեն, նրանց էլ դարձնեն շահառու, և դա ավելի արդյունավետ լինի. գաղափար է, որ պետք է քննարկել:
Վարչապետը առաջարկեց մեծացնել գյուղական բնակավայրերում փողոցների սալարկման ծրագրի համաֆինանսավորման՝ Կառավարության մասնաբաժինը: Բյուջեից այդ նպատակով հատկացվում է 40 տոկոս ֆինանսավորում: Փաշինյանի դիտարկմամբ՝ բարդ ռելիեֆով բնակավայրերում առավել արդյունավետ է սալարկումը:
Նիկոլ Փաշինյան - Էնտեղ ասֆալտ անել՝ նշանակում է անել մինչև հաջորդ ուժեղ անձրևը: Մի քանի գյուղական բնակավայրում ես տեսել եմ, և դա կարևոր է նախ որպես ենթակառուցվածք, և եթե էդ նույն փողոցները պատկերացնենք որպես ասֆալտ, գյուղական կոլորիտը տուժում է: էլ չեմ ասում, երբ օգտագործվում է տեղական քար, թեև նախընտրում են տուֆ: Պետք է չափաբաժինը մեծացնենք, մարզպետների ուշադրությունն եմ հրավիրում:
Գյուղական փողոցների սալարկման ծրագրերում փոփոխություններով՝ գործադիրի ֆինանսավորման չափաբաժինը կլինի 50, սահմանամերձ համայնքներում՝ 70 տոկոս:
Նիկոլ Փաշինյան - Էդտեղ մենք համայնքներում միջնաժամկետ ծրագրերի գաղափար ներդրեցինք. սա ինստիտուցիոնալ կարևոր փոփոխություն է: Իսկ բյուջեի հատվածը՝ պայման դրեցինք, որ հաջորդ տարվա բյուջեն ընդունվի ընթացիկ տարում: Այս կարգի բարեփոխումները լուրջ, խորքային, բյուջետային, քաղաքակրթական փոփոխություններ են բերելու համայնքներին: Միացնենք նաև, որ արդեն գույքահարկի նոր ռեժիմի մեջ ենք, կարողությունները զարգանալու են:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՊՈՒՐԱԿԻՆ
Փաշինյանն անդրադարձավ նաև պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողներին, Բուսաբանական այգում ստեղծվող Կյանքի պուրակին: Այգին, ըստ վարչապետի, պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը:
Նիկոլ Փաշինյան - Այս ընթացքում մի քանի անգամ մեր զոհվածների սիրելի հարազատների հետ հանդիպում եմ ունեցել, կարծում եմ, որ բոլոր դեպքերում, երբ կա սուբվենցիոն ծրագիր, պետք է ընդգծենք այս տրամաբանությունը, որ դառնա հնարավորինս բանուկ վայր, և կյանքի հաղթանակը պետք է լինի նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը:
Ճարտարապետությունը և քաղաքաշինությունը պետք է լինեն այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն երեխաներին տանել այնտեղ զբոսանքի, լինի այնպես, որ և՛ նահատակների հիշատակը բարձր պահի, և՛ մարդիկ ոչ թե խուսափեն, այլ տանեն երեխաներին, կարողանան կյանքի տրամաբանությունը շեշտել: Նրանք ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի:
Կյանքի պուրակի նախագիծը պատրաստ է, այն փոխանցվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկա երկու-երեք շաբաթում կտրվի նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք, և կսկսվի շինարարության մրցույթը:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Ամբողջությամբ նոր ոռոգման համակարգ ենք կառուցելու, նոր խողովակաշար է կառուցվելու մի քանի կմ երկարությամբ: Նախագծի գումարը կկազմի 4,2 մլրդ դրամ: Մոտ 1-1,5 ամսում կունենանք վերջնական նախագիծը և մրցույթը կհայտարարենք, շինարարությունը մոտ 3 տարի կտևի:
4 ՄԼՐԴ 267 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
4 մլրդ 267 մլն դրամ հատկացվեց՝ տարբեր մարզերում միջպետական, հանրապետական, տեղական նշանակության 53, 1 կմ ճանապարհների նորոգումն ավարտելու համար:
Նիկոլ Փաշինյան - Դիլիջանի ոլորանների համար գրված է, որ ավարտական փուլում են, բայց տպավորություն կար, որ ավարտվել են, անցել եմ, աշխատանք չկա:
Գնել Սանոսյան - Ճիշտ եք նկատել, ավարտված է, բայց որակի հետ կապված կա խնդիր, ունենք համաձայնություն շինարարի հետ, գումարը բերում ենք նախարարություն, կշտկեն: Հենասյուն են ավելացնում, գումարը կվճարենք:
Նիկոլ Փաշինյան - Անորակ աշխատանք պետք է որևէ պարագայում չհանդուրժենք, սկզբունքային մոտեցում պետք է լինի: Կարգ լինի, եթե ընկերություններ կան, որ շարունակաբար... պետք է համապատասխան վերաբերմունք ձևավորենք:
Ի պատասխան վարչապետի հարցի՝ նման դեպքերի համար գնումների գործընթացում կա՞ արդյոք մեխանիզմ՝ որոշակի ռեյտինգավորման համար, ֆինանսների նախարարը արձագանքեց՝ պարտավորությունները չկատարելու հիմքով կազմակերպությունը հայտնվում է սև ցուցակում, մրցույթներում սահմանափակվում է հետագա մասնակցությունը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Հիմա նախագիծ ենք բերելու, որ առանձին դեպքերում գնումն անցկացվի արդյունքը նկարագրելու եղանակով: Անկյունաքարային նշանակություն ունի կազմակերպության հեղինակությունը, վարկը: Ցուցակ ենք ունենալու, որոնք ճիշտ են դրսևորել, կներառվեն: Վարկանիշավորման հիման վրա ունենանք ցուցակները, հնարավոր է՝ հանգամանքը հաշվի առնենք:
Նիկոլ Փաշինյան - Ինչի պիտի աշխատանքի որակի պրոբլեմ լինի, ատկատ են տվել, կազմակերպությունը ասի՝ ներողություն, պետք է որոշակի վարքագիծ պարտադրենք: Ժամկետ են ձգձգում, պետք է ռեյտինգավորում անցնի, ուզում ենք գործ ունենալ թե չէ, ազատականացրել ենք: Կառավարությունը պետք է հստակ լծակներ ունենա. միլիարդներ ենք ներդնում, պարզվում է՝ որակով չեն արել:
Վարչապետը խնդիր դրեց խստացնել անորակ աշխատանքի համար տուգանքը, որակի հանդեպ սահմանել խիստ հսկողություն:
Գնել Սանոսյան - Որոշները հնչեցնում են պարտք: Ոչ մեկին պարտք չենք, չեն ավարտել, դրա համար դեռ չենք վճարել: Ավելին ասեմ՝ 47,1 մլրդ հիմնանորոգման համար գումար է, 42,5-ը տրվել է նախարարությանը, աննախադեպ է:
Նիկոլ Փաշինյան - Բոլոր վայրերում, որտեղ խոստացել ենք, բոլոր ծրագրերը հատ-հատ պետք է իրականացվեն: Սա քաղաքական դիվիդենտ չէ, սա մարդկանց նկատմամբ հարգանքի հարց է: Եթե խոստացել ենք, պետք է անենք, այն տրամաբանությամբ, որ ճանապարհները կառուցելու ենք, և ոչ միայն ճանապարհները:
ԿԳՄՍ նախարարության բյուջեն կավելացվի ավելի քան 338 միլիոն դրամով՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և մրցաշարերին մասնակցելու նպատակով սպորտային նպաստ հատկացնելու համար: Վարչապետն անհրաժեշտ համարեց մարզիկներին աջակցությունը դարձնել ինստիտուցիոնալ:
Նվաճումների հասած մարզիկներին՝ պետության գնահատականն են նաև նրանց անուններով մարզահամալիրների կառուցման լայնածավալ ծրագրերը: