Պոլիկլինիկաներում ժամերով հերթում սպասելուց ազատվել հնարավոր է ընդամենը էլեկտրոնային հերթագրմամբ: Առողջապահության նախարարության նոր բարեփոխումն է էլեկտրոնային առողջապահության ոլորտում:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Ինչն է մեզ նյարդայնացնում, և ինչ խնդիրներ ենք մենք տեսնում պոլիկլինիկա գնալիս: Դրանք են՝ հերթեր, հերթեր, հերթեր: Այս ամենը տեսնելով` մենք մշակել ենք այնպիսի մի հարթակ, որը կոչվում է էլեկտրոնային հերթագրումներ, որն արդեն գործում է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում:
Էլեկտրոնային առողջապահությունը ընդհանուր տեղեկատվական թվային բազա է, բուժծառայության որակ և հասանելիություն ապահովող հարթակ, որը բուժառուներին ճիշտ քայլերի հերթականությունն է ցույց տալիս՝ խնայելով նրանց ժամանակը:
Ավետ Մանուկյան («Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն) - «Արմեդ»-ը քաղաքացուն հնարավորություն է տալիս հերթագրվելու, տեսնելու իր կատարած այցի արդյունքում տեղի ունեցած գործողությունները, լրացրած փաստաթղթերը:
Հարթակը կարելի է օգտագործել ինչպես «Արմեդ» հեռախոսային հավելվածի, այնպես էլ armed.am կայքի միջոցով՝ ընտրելով օրը, ժամը: Փաստաթղթերը նախօրոք պատրաստվում են, և նշանակած ժամին բժիշկը սպասում է բուժառուին:
Արտակ Ջումայան - Այս տարի 14 մատյան ենք թվայնացրել, որը տալիս է հնարավորություն մեր հերթագրվելուց հետո մի շարք տեղեկատվական ինֆորմացիա ավտոմատ լրացնել համակարգ, և դրա վրա բժիշկը ժամանակ էլ չի ծախսի:
Նշանակելով համապատասխան բուժում, դեղատոմս կամ անաշխատունակության թերթիկ՝ էլ հարկ չի լինի գնալ, սպասել պոլիկլինիկայի տնօրենի ստորագրությանը: Արդեն կա նաև անաշխատունակության թերթիկի էլեկտրոնային տարբերակը:
Այն հասնում է գործատուին ավտոմատ: Պացիետն անելու ոչինչ չի ունենում:
Ավետ Մանուկյան - Քաղաքացին կարող է մինչև այցը կամ այցի ընթացքում, իր բանկային քարտը կցելով հավելվածին, միանգամից վճարում կատարել: Կտրոն բերել, հերթ կանգնել չկա:
Հնարավորություններ են հիմա ավելացվում, որ քաղաքացին վերահսկի իր մոբայլ հավելվածը, թե ով կարող է տեսնել իր անձնական տվյալները, ով՝ ոչ:
Արտակ Ջումայան - Ծրագիրը թանկ է և սպասարկում պահանջող, մարզային ԲԿ-ները չունեն այդ հնարավորությունը, մենք իրենց համար ամբողջովին նույն գործողությունն ապահովեցինք «Արմեդ» համակարգում:
Սկսել են Երևանի պոլիկլինիկաներից, հունիսի 1-ից թվայնացումը ներդրվել է նաև Գյումրու և Վանաձորի ԲԿ-ներում: Նախարարության նպատակն է գործընթացը փուլային եղանակով ներդնել բոլոր բուժհիմնարկներում: