Այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսի ներքո՝ տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Օրը հռչակել է ՄԱԿ-ը 1995 թվականին՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
«Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և համալիր երևույթ է, որը կլիմայի փոփոխության և չորայնացման արդյունք է։
Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները:
Անապատացման հիմնական չափանիշներն են՝ խոնավության գործակցի նվազման միտումը, օդի և հողի ջերմաստիճանի օրական տատանումների մեծացումը, տեղումների քանակի նվազումը, հողագոյացման բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության նվազումը, գետերի հոսքի նվազումը և այլն։
Աշխարհում տարեկան 12 մլն հեկտար տարածք անապատի է վերածվում։
Հայաստանի Հանրապետությունն Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է: Մեր երկիրը կոնվենցիան վավերացրել է 1997 թվականին։