Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Սկզբում տեղի է ունեցել առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Արարատ Միրզոյանը ողջունել է Բուրիչի Հայաստան առաջին այցը՝ նշելով, սա լավ հնարավորություն է՝ քննարկելու երկկողմ օրակարգը և տարածաշրջանային հարցերը: Հանդիպմանը հաջորդել են երկու կողմերի՝ մամուլի համար հայտարարությունները: Առանցքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է եղել:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից: Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը: Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքը Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից:
ԸՆԴԳԾՎԵԼ Է ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի առումով, որոնց քաղաքականացումն անընդունելի է: Նույն կերպ անընդունելի է նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը՝ քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը: Եվրոպայի խորհրդի նախագահն էլ ընդգծել է՝ խրախուսում են Փաշինյան-Ալիև հանդիպումները, դրան առնչվող հայտարարությունները, ինչպես, օրինակ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերող:
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ (Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար) - Մենք պետք է վստահության և հաշտեցման հասնենք: Բոլոր նախաձեռնություններն այս ուղղությամբ ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան: Այս իմաստով՝ ես ուրախ եմ, որ վստահության կառուցմանն ուղղված առաջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ Վենետիկում մայիսի 16-18-ը Եվրախորհրդի հովանու ներքո: Մասնակիցները համաձայնեցին շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ նախաձեռնությունների ուղղությամբ:
ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արարատ Միրզոյանը խոսել է նաև ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցության մասին:
Արարատ Միրզոյան - Վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստը Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում և ընդգծել, որ 2018 թ. և 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող:
ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀՀ-Ն ԴՐՍԵՎՈՐԵԼ Է ԲԱՐՁՐ ՆՎԻՐՈՒՄ. ԲՈՒՐԻՉ
Բուրիչն իր հերթին հիշեցրել է՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու 21 տարվա ընթացքում Հայաստանը դրսևորել է բարձր նվիրում, ստորագրել և վավերացրել է 66 կոնվենցիա և անդամակցել 12 մասնակի համաձայնագրի:
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ - Խրախուսում եմ Հայաստանին՝ շարունակել լիովին օգտվել եվրախորհրդի օժանդակությունից և փորձառությունից, օրինակ՝ վերջնական տեսքի բերել ԶԼՄ-ների օրենսդրությունը կամ սահմանադրական բարեփոխումները, ընտրական բարեփոխումները՝ համապատասխանեցնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին: Ես նաև խրախուսում եմ իշխանություններին՝ իրականացնել խորհրդարանական վեհաժողովի առաջարկները: Մեր մոնիթորինգի մարմինները, Ստրասբուրգի և երևանյան գրասենյակի մեր գործընկերները պատրաստ են շարունակել ձեր ընթացիկ բարեփոխումների ջանքերը, որը ստանձնել են իշխանությունները:
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ այն ավելի կուժեղանա:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը օրվա ավարտին նաև մասնակցել են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությանը:
Նիկոլայ Ավետիսյան