Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արդյունավետության բարձրացումը կառույցում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է: ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների և գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով կոնկրետ իրավիճակներին կազմակերպության արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմների լավարկմանը՝ վարչապետը հիշեցրել է՝ ՀԱՊԿ-ն ունի իրավական դաշտ, որը սահմանում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկության հավաքման և վերլուծության պարտավորություն:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում: Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել ինչպես հարկն է: Ինչո՞ւ. որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է:
Վարչապետն ընդգծել է՝ ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման և դա մտահոգիչ համարել:
Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ, ահա, մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի» հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:
ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԿՈՆԿՐԵՏ ՍԱՀՄԱՆ
Հարցում մեր երկրի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման՝ ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը: Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն:
Տարածաշրջանում իրավիճակը կայուն լարված որակելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ հայտարարությունները, որոնք անում են Ադրբեջանի պաշտոնատար անձինք, պետք է նախազգուշացնող լինեն: Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հանձնարարել է կառույցում կազմակերպել հարցի քննարկումը:
Նորայր Շողիկյան