Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:
«Վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը:
Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստի կապակցությամբ՝ Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում, և ընդգծել, որ 2018 թվականի և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող»,- ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրը:
«Ծրագրային համագործակցության այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացման, թե՛ ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհրդի շրջանակում մեր ստանձնած պարտավորությունների կատարման համար»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանն ընդգծեց, որ 2018 թվականին Հայաստանի ժողովուրդը միակամորեն ընտրել և 2021 թվականին վերահաստատել է ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ապահովման և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին: