ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին։ Համաժողովի շրջանակում Աշոտ Մուրադյանը հունիսի 17-ին ելույթ է ունեցել «Թվային հետք՝ ապագայի հայտ» թեմայով քննարկմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել թվայնացման համաշխարհային միտումների շուրջ։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է թվայնացմամբ պայմանավորված մարտահրավերները և դրա շնորհիվ պետական կառավարման մարմինների համար ստեղծվող հնարավորությունները: Աշոտ Մուրադյանն անդրադարձել է նաև թվայնացման ոլորտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին և հետագա ռազմավարությանը:
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը միջազգային փորձի փոխանակման հարթակ է, որի շրջանակում ամեն տարի անցկացվում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, անդրազգային խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև բիզնեսի, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպում Սանկտ Պետերբուրգում՝ արդիական հարցերը քննարկելու նպատակով։
Այս տարի համաժողովն անցկացվում է «Նոր աշխարհ, նոր հնարավորություններ» խորագրի ներքո, քննարկվում են համաշխարհային տնտեսության արդի միտումները` պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչների միջև մտքերի և փորձի փոխանակմամբ։
Քննարկվող հարցերն ուղղված են միասնական թվային աշխարհում նոր բիզնես մոդելների ստեղծմանը նպաստող փոփոխություններին, պետության, բիզնեսի և սպառողների միջև հարաբերությունների վերափոխմանը, նոր տնտեսական միջավայրի ստեղծմանը, հաղորդակցման այլընտրանքային ուղիներին, արտադրությանը, սպառմանը, ինչպես նաև պետությունների կողմից կառուցված թվային համակարգերի, թվայնացմանն անցում կատարելու արդյունքում տնտեսական միջավայրի փոփոխության, պետական և մասնավոր ոլորտներում կիրառվող տեղեկատվական համակարգերի վերաբերյալ հարցեր։