Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ուղղված նախաձեռնությունները ողջունելի է համարում:
«Ինձ խրախուսում են մի շարք հանդիպումները և դրանց հաջորդող հայտարարությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ինչպես, օրինակ՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերողը: Մենք պետք է հաշտեցման հասնենք: Բոլոր նախաձեռնություններն այս ուղղությամբ ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան:
Այս իմաստով ուրախ եմ, որ առաջին վստահության միջոցների կառուցման հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ Վենետիկում մայիսի 16-18-ը՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Մասնակիցները համաձայնեցին շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ նախաձեռնությունների ուղղությամբ»,- ասաց նա:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ նախաձեռնությանն օժանդակելու համար: